Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման պայմաններում վարկերի տոկոսադրույքները չեն նվազել. ԿԲ նախագահ

Armenpress 18:05, 30 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազումը դեռ չի հանգեցրել վարկերի տոկոսադրույքի նվազման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 30-ի ասուլիսում այդ մասին հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Վարկերի տոկոսադրույքի էլաստիկությունը ձևավորվում է ժամանակի ընթացքում: Եթե կհիշեք՝ երբ տոկոսադրույքը (վերաֆինանսավորման – խմբագր.) 4.25-ից բարձրացրեցինք մինչև 10.75, այսինքն 6.5 տոկոսով, վարկերը բնավ չավելացան նույն չափով՝ շատ ավելի նվազ չափով ավելացան: Հիմա մենք այդ պիկից կրճատել ենք արդեն 2.5 տոկոս: Տեսնում ենք, որ մեր տոկոսադրույքի նվազեցումը որոշակի ազդեցություն է ունեցել պետական պարտատոմսերի շուկայի վրա: Մեր նախորդ որոշումից մինչև այս պահն ընկած ժամանակահատվածում, որը մոտավորապես 6-7 շաբաթ է, եկամտաբերության կորը որոշակի նվազել է: Բայց վարկերի մասով այս պահի դրությամբ տոկոսադրույքի էական նվազում դեռ չունենք»,- նշեց ԿԲ նախագահը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am