Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Քրիստոֆեր Նոլանը՝ STARMUS-ի մեդալակիր. Բրատիսլավայում տեղի ունեցավ Սթիվեն Հոքինգի անվան մեդալների հանձնման արարողությունը

Քրիստոֆեր Նոլանը՝ STARMUS-ի մեդալակիր. Բրատիսլավայում տեղի ունեցավ 
Սթիվեն Հոքինգի անվան մեդալների հանձնման արարողությունը

ԲՐԱՏԻՍԼԱՎԱ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օսկարակիր ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը Սլովակիայում տեղի ունեցող STARMUS VII փառատոնի շրջանակում պարգևատրվեց Սթիվեն Հոքինգի անվան մեդալով։

Իր տեսակի մեջ յուրահատուկ այս մեդալը հանձնվում է գիտության և արվեստի գործիչներին՝ գիտությունը հանրայնացնելու գործում ունեցած մեծ ավանդի համար։

Նոլանին մեդալի հանձնումը տեղի էր ունեցել օրեր առաջ։ Միջոցառման օրը տեսանյութի միջոցով «Ինտերստելար» և «Օփենհայմեր» ֆիլմերի ռեժիսորը շնորհակալություն հայտնեց STARMUS-ին մեդալի համար՝ նշելով. «Սա ինձ համար մեծ նշանակություն ունի։ Արվեստի և գիտության միջև կապը չափազանց կարևոր է։ Իմ աշխատանքում ես մեծագույն հաճույք եմ ստանում՝ փորձելով մարդկանց հաղորդակիցը դարձնել այն ամենին, ինչ սովորում եմ գիտնականներից։ Հուսով եմ պատմություններ պատմելու միջոցով շարունակել ոգևորել մյուսներին բացահայտելու գիտության հրաշքները։ Ինձ համար իսկապես մեծ պատիվ է՝ արժանանալու նման ֆանտաստիկ մրցանակի»։

 IMG_8841.JPG (578 KB)

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սթիվեն Հոքինգի մյուս մեդալը շնորհվեց բրիտանացի կենսաբան, բնագետ Դևիդ Աթենբրոյին։ Նրա պատրաստած դոկումենտալ ֆիլմերը սերունդների են ոգեշնչել ու կրթել՝ պահպանելու մոլորակն ու բնական կենսամիջավայրը։

Փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս, Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը բեմում անկեղծացավ, որ գիտնականին մեդալը STARMUS-ի խորհուրդը մտադիր է եղել հանձնել դեռ նախորդ փառատոնի ընթացքում՝ Երևանում, բայց քանի որ Դևիդ Աթենբրոն չէր կարողացել ներկա գտնվել այդ տարի, նրանք որոշել էին մեդալը հանձնել այս անգամ։ 98-ամյա Աթենբրոն չէր կարողացել այս անգամ ևս գալ ու ներկա լինել փառատոնին, ուստի Մեյը խոստացավ մեդալն անձամբ փոխանցել նրան։ 

Նկար 2.jpeg (510 KB)

Օվկիանոսային կյանքի պահպանման և դրա անհրաժեշության շուրջ իրազեկման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար մեդալի արժանացավ հետազոտող, օվկիանոսաբան Սիլվիա Ըրլը։ «Օվկիանոսը միայն ժայռերն ու ջուրը չէ, օվկիանոսը կյանք է։ Օվկիանոսի շնորհիվ է, որ մենք ապրում ենք։ Առանց օվկիանոսի չէր լինի մեր կապույտ ու կանաչ մոլորակը։ Առանց ջրի չէր լինի կյանքը»,- նշեց նա։

 Նկար 3.jpeg (436 KB)

Գիտության հանրայնացման Սթիվեն Հոքինգի մեդալին արժանացավ նաև երաժիշտ Լորի Անդերսոնը։

 Նկար 4.jpeg (528 KB)

Մեդալների հանձնման արարողությունը ուղեկցվեց համերգով, որի ժամանակ բեմում ելույթներ ունեցան Բրայան Մեյը, The Offspring ռոք խումբը, անգլիացի երգիչ Թոնի Հադլին և այլ արտիստներ։

Սթիվեն Հոքինգի անվան մեդալն առաջին անգամ հանձնվել է STARMUS-ի երրորդ փառատոնի շրջանակում՝ 2016 թվականին։ Մեդալի մի կողմում պատկերված Սթիվեն Հոքինգի նկարի հեղինակը տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովն է: Իսկ մեդալի մյուս կողմում բաց տիեզերքում քայլող երաժիշտ Բրայան Մեյն է և նրա հայտնի կիթառը:

Այս տարիների ընթացքում մեդալին են արժանացել գործարար և նորարար Իլոն Մասկը, կոմպոզիտոր Հանս Ցիմերը, պրիմատոլոգ Ջեյն Գուդոլը, երաժիշտ Ժան-Միշել Ժարը, լուսնագնաց Բազ Օլդրինը և այլ գործիչներ։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am