Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ապահով ծերության անվտանգության բարձիկը. ինչ երաշխիքներ է տալիս կուտակային կենսաթոշակային համակարգը

Ապահով ծերության անվտանգության բարձիկը. ինչ երաշխիքներ է տալիս 
կուտակային կենսաթոշակային համակարգը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից անցել է արդեն 10 տարի: Քաղաքացիներից շատերը սկզբնական շրջանում թերահավատորեն էին մոտենում համակարգին, այսօր արդեն Կենտրոնական դեպոզիտարիայում նկատում են մարդկանց կողմից վերաբերմունքի փոփոխություն, հետաքրքրվածության բարձրացում, կենսաթոշակային հաշիվները ստուգելու նպատակով իրականացվող հարցումների թվաքանակի աճ: Թե ֆոնդի կառավարիչ ընկերությունից, թե պետական օղակից  ընդգծում են՝ համակարգն օգնում է մարդկանց մոտ ձևավորել խնայողություններ կատարելու մշակույթը, և որ ամենակարևորն է՝ կենսաթոշակային տարիքում ֆինանսական որոշակի անկախություն ունենալու հնարավորություն է տալիս: «Արմենպրես»-ը կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ քաղաքացիներին հուզող մանրամասների, համակարգի ռիսկերի, երաշխիքների մասին զրուցել է Կենտրոնական դեպոզիտարիայի և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ:

2024.04.19_17.11.20.47.JPG (783 KB)

Ովքե՞ր և ինչպե՞ս են կուտակում

Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում պաշտոնապես ներդրվել է 2014 թվականից: Պարտադիր բաղադրիչը սկսել է ամբողջապես գործել 2018 թվականի հուլիսի 1-ից: Ամեն ամիս քաղաքացու աշխատավարձից կուտակվում է 10 տոկոս, որից 5 տոկոսը՝ որպես սոցիալական վճար, կատարում է քաղաքացին, ևս 5 տոկոսը ավելացնում է պետությունը: Սակայն 5/5 տոկոս հարաբերակցությունը պահպանվում է մինչև մասնակցի 500 հազար դրամ եկամուտը: Իսկ, եթե քաղաքացու աշխատավարձը, օրինակ, 600 հազար է,  ապա կուտակվող 10 տոկոսից՝ այսինքն՝ 60 հազար դրամից 25 հազարը՝ որպես առավելագույն գումար, տալիս է պետությունը, իսկ մասնակցի մասնաբաժինը դառնում է 35 հազար: Սահմանված է նաև կուտակումների առավելագույն շեմ: Այդ շեմը նվազագույն աշխատավարձի 15–ապատիկն է, այսինքն՝ մասնակցի աշխատավարձի 1 մլն 125 հազարը գերազանցող մասից կուտակում չի արվում, 112 հազար 500 դրամն առավելագույն գումարն է, որ մասնակիցը կարող է կուտակել: Սակայն հարկային մարմին դիմելու դեպքում կարելի է հրաժարվել առավելագույն շեմի կիրառումից:

Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակից են 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները: Իսկ թե ինչպես է հաշվարկելու 1974–ից հետո ծնված այն քաղաքացու կենսաթոշակը, ով աշխատել է նաև մինչև այս համակարգի ներդրումը, Կենտրոնական դեպոզիտարիայի գործառնական տնօրեն, Կենսաթոշակային ծառայությունների դեպարտամենտի ղեկավար, գլխավոր տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը պարզաբանում է, որ կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելով՝  չեն բացառել մյուս համակարգերը: Կա բազմաստիճան կենսաթոշակային համակարգ: «Եթե քաղաքացին աշխատել է նաև մինչև համակարգին միանալը, ապա կստանա բազային կենսաթոշակը, այսպես ասած՝ կենսաթոշակային նպաստը, որն այսօր 24 հազար դրամ է, դրան կգումարվեն մինչև 2014 թվականը աշխատանքային ստաժով պայմանավորված հավելումները, որին էլ կգումարվեն իր կուտակումները»,-նշում է Պետրոսյանը՝ հավելելով, որ, եթե մինչև 2014 թվականը՝ այսինքն համակարգի ներդրումը, քաղաքացու ստաժը 10 տարուց պակաս է, ապա զրոյական մակարդակին կգումարվեն միայն կուտակումները:

HM2_7636.JPG (439 KB)

Կենտրոնական դեպոզիտարիայից, որը վարում է համակարգի մասնակիցների ռեեստրը, նաև հանդիսանում է ֆոնդում առկա ակտիվների պահառու, հայտնում են, որ այս պահի դրությամբ առկա է մոտ 915 հազար կենսաթոշակային հաշիվ՝ 870 մլրդ դրամից ավել կուտակված միջոցներով: Դրանցից մոտ 840 հազար մասնակիցներ ունեն միջոցներ իրենց հաշվին: Դրանից ակտիվ մասնակիցներ են մոտ 500–550 հազարը, այսինքն՝ ամեն ամիս կատարում են վճարումներ: 

Գործում է նաև կամավոր կենսաթոշակային համակարգ, որին կարող են միանալ նաև մինչև 1974 թվականը ծնվածները: Ներկայիս դրությամբ մոտ 660 հոգի է ընդամենը կամավորությամբ միացել համակարգին: Կան արդեն համակարգին կամավոր միացած շուրջ 4 տասնյակ մասնակիցներ, որոնք արդեն հասել են կենսաթոշակային տարիքի, դիմել ու ստացել են կուտակած միջոցները: Ընդ որում, նրանք ստացել են ավելին, քան կուտակել են՝ ի հաշիվ եկամուտների:

Ներդրումների աշխարհագրություն. ո՞ւր են գնում կուտակված գումարները

Մասնակիցները կուտակումների դիմաց ստանում են փայեր: Ֆոնդերում գումարներն այսպիսով պահվում են փայերի տեսքով: Փայի արժեքը ժամանակի ընթացքում փոխվում է, վերագնահատվում է յուրաքանչյուր աշխատանքային օր: Համակարգի ներդրման պահին փայի արժեքը 1000 դրամի շրջանակում էր, հիմա՝ արդեն 2000 դրամից ավել: Ֆոնդերի ակտիվներով կառավարիչ ընկերությունները ներդրումներ են կատարում Հայաստանում և արտասահմանում: Կառավարիչները ներդրումային որոշումներ կայացնելիս սահմանափակված են օրենսդրական կարգավորումներով: Նրանք պարտավոր են կենսաթոշակային միջոցների նվազագույնը 60 տոկոսը ներդնել դրամով, մնացած մասը կարելի է ներդնել արտարժույթով: Ֆոնդերի կառավարման արդյունքում ձևավորված եկամուտը բացառապես քաղաքացիների եկամուտն է: Կառավարիչները կենսաթոշակային ֆոնդի ակտիվները ներդնում են հիմնականում պետական պարտատոմսերում, արտասահմանյան ներդրումային ֆոնդերում, բանկերում ավանդների տեսքով, կորպորատիվ պարտատոմսերում, բաժնային արժեթղթերում: Ի դեպ, կառավարիչները կուտակած միջոցներով ներդրումներ են կատարում տարբեր ֆոնդերում, որտեղ առկա են այնպիսի հայտնի ընկերությունների արժեթղթեր, ինչպիսիք են, օրինակ, Apple-ը, Google-ը, Microsoft-ը:

Օրինակ՝ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»–ն ակտիվների 65 տոկոսն է ներդրել դրամով, մնացած 35 տոկոսը՝ արտարժույթով:

HM2_7655.JPG (468 KB)

Ֆոնդերի տեսակներն ու գործող պայմանները. ո՞ր ֆոնդ ուղղել գումարները

Քաղաքացիները կարող են գումարները կուտակել իրենց նախընտրելի ֆոնդում: Կան 3 տեսակի ֆոնդեր ՝ կայուն եկամտային, պահպանողական և հավասարակշռված: Հիմնական տարբերությունն այն է, թե կուտակումների որքան մասն է  թույլատրվում ներդնել բաժնետոմսերում:

«Կայուն եկամտային ֆոնդի դեպքում ընդհանրապես չի կարելի անել բաժնային ներդրումներ, 100 տոկոսը պետք է լինեն պարտքային կամ կայուն եկամտային գործիքներ:  Պահպանողական ֆոնդի դեպքում մինչև 25 տոկոսի չափով կարելի է կատարել բաժնային ներդրումներ: Հավասարակշռված ֆոնդի պարագայում մինչև 50 տոկոսը կարելի է անել բաժնային ներդրում: Քանի որ բաժնային ներդրումը համարվում է ավելի ռիսկային, ասում ենք, որ համեմատաբար ավելի ռիսկային է հավասարակշռված ֆոնդը, և համեմատաբար ավելի ցածր ռիսկային է կայուն եկամտային ֆոնդը, միջին ռիսկային՝ պահպանողականը»,–ասում է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»–ի ֆոնդերի կառավարիչ Պետրոս Մարգարյանը՝ հավելելով, որ ռիսկը եռամսյակային կտրվածքով ստացվող եկամտի տատանողականության մասին է, ըստ այդմ՝ ռիսկը բարձր է համարվում, եթե տատանողականությունը մեծ է:

2024.04.19_17.01.54.71.JPG (573 KB)

Քաղաքացիները ֆոնդն ընտրելու հնարավորություն ունեն: Եթե մասնակիցը չի ընտրում ֆոնդը, ապա համակարգն ավտոմատ կերպով ամեն ամսվա հատկացումներն ուղղում է պահպանողական ֆոնդ: Այդ պատճառով պահպանողական ֆոնդը համարվում է ամենամեծը: Կենտրոնական դեպոզիտարիայում նկատել են, սակայն, որ 95 տոկոսից ավելիի համար համակարգն ավտոմատ կերպով է ընտրություն կատարել:

Ի՞նչ ռիսկեր կան  համակարգում. կուտակած միջոցները ստանալու անվտանգության ի՞նչ բարձիկներ կան

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»–ի ռիսկերի կառավարիչ Իգնատ Ֆրանգյանն ընդգծում է՝ կուտակած միջոցները, առանց որևէ ռիսկ ստանձնելու, ապագա տեղափոխելու որևէ տարբերակ չկա:  «Բոլոր տեսակի ներդրումներն էլ ունեն ռիսկեր: Ռիսկի զսպման մեր հիմնական մեխանիզմներից մեկը դիվերսիֆիկացիան է, այսինքն՝ ներդրումներ կատարենք շատ ընկերություններում, որպեսզի, եթե անգամ որոշ ընկերություններում խնդիրներ լինեն, այդ ազդեցությունը ֆոնդերի վրա լինի նվազագույն: Եթե տեսնում ենք, որ ինչ–որ իրավիճակում որոշակի գործիքների մեջ ռիսկը մեծացավ, դրանց կշիռը փոքրացնում ենք և հակառակը, եթե տեսնում ենք ինչ–որ գործիքների մեջ ակնկալվող եկամտաբերությունը բարձր է, կշիռը մեծացնում ենք, որ ակնկալվող եկամտաբերությունը համարժեքորեն մեծանա: Մեր հիմնական գործը հենց դա է՝ ներդրումներ կատարել այնպես, որ ակնկալվող եկամուտը լինի առավելագույնը»,-ասում է Ֆրանգյանը:

2024.04.19_17.03.23.05.JPG (501 KB)

Անվտանգության բարձիկների մասին խոսելիս՝ Կենտրոնական դեպոզիտարիայից Տիգրան Պետրոսյանը ընդգծում է՝ գործում է երաշխիքային հիմնադրամ, որին ֆոնդի կառավարիչները յուրաքանչյուր եռամսյակը մեկ վճարումներ են կատարում: Օրենքով երաշխավորվում է քաղաքացու՝ առնվազն կուտակած միջոցների՝ գնաճով ճշգրտված գումարի չափով վերադարձելիությունը: Ենթադրենք, թե  մարդը կուտակել է ընդամենը 100 հազար դրամ, և կուտակելու պահից ի վեր եղել է 10 տոկոսի չափով գնաճ, ապա երաշխավորվում է 110 հազարի դրամի չափով վերադարձը:

Երաշխիքային հիմնադրամն այսօր երաշխավորում է 20 տոկոսը, մնացած 80 տոկոսը երաշխավորվում է պետական բյուջեից:

Եթե անգամ վատագույն սցենարի դեպքում ֆոնդի կառավարիչը սնանկանա, դա որևէ կերպ չի ազդի ֆոնդի վրա: Կառավարիչը կառավարում է ֆոնդը, որի ակտիվներն առանձնացված են կառավարչի ակտիվներից: Այսպիսով Տիգրան Պետրոսյանն ընդգծում է՝ երաշխիքային հիմնադրամի գործունեությունը, ֆոնդի կառավարիչների համբավը Կենտրոնական դեպոզիտարիայի մեխանիզմների հետ մեկտեղ ստեղծում են անվտանգության մի ամբողջական բարձիկ՝ երաշխավորելով համակարգի հուսալիությունը:

 

Ովքե՞ր են կառավարում քաղաքացիների կենսաթոշակային միջոցները

Հայաստանում այս պահի դրությամբ կենսաթոշակային ֆոնդերի երկու կառավարիչ կա՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»–ն և «Ամունդի–Ակբա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»–ն, որոնց լիցենզավորված են Կենտրոնական բանկի կողմից: ԿԲ-ն ամենօրյա ռեժիմով իրականացնում է վերահսկողություն: Տիգրան Պետրոսյանն ընդգծում է՝ ֆոնդի կառավարիչները  միջազգային համբավ ունեցող վստահելի գործընկերներ են: Նրանք՝ որպես ներդրումային որոշումներ կայացնողներ, ֆոնդի ակտիվների նկատմամբ ուղղակի հասանելիություն չունեն:

Միջինում որքա՞ն կկազմի կուտակում իրականացրած քաղաքացու ամսական թոշակը

Այս համակարգից առաջին կենսաթոշակը կտրվի 2037 թվականին: Թե քաղաքացին ամսական որքան գումարը կստանա, իհարկե, ճշգրիտ թվեր չեն կարող լինել: Սակայն կան մոտավոր հաշվարկներ: «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ի հաշվարկները ցույց են տալիս, որ քաղաքացու կենսաթոշակը կկազմի նրա վերջին աշխատավարձի 70 տոկոսին մոտ գումար, եթե պահպանվի եկամտաբերության ներկայիս մակարդակը:

 

Միանվա՞գ, թե՞ ամսական. կենսաթոշակի ստացման ի՞նչ տարբերակներ կան

Կենսաթոշակային տարիքի հասնելիս՝ դիմում պետք է ներկայացնել հաշվի օպերատորի, այսինքն՝ բանկի միջոցով,  պետք է լրացնել դիմում՝ ընտրելով միջոցները ստանալու եղանակը: Այս պահին ընտրության 3 հնարավորություն կա՝ միանվագ, անուիտետի ձևով և ծրագրային վճար: Քաղաքացին կարող է ընտրել դրանցից մեկը կամ դրանց որոշակի հարաբերակցություն իրականացնել: Սակայն օրենքով սահմանված են նաև որոշակի սահմանափակումներ: 

Տիգրան Պետրոսյանը պարզաբանում է՝ Վիճակագրական կոմիտեն ամեն տարի հրապարակում է կյանքի միջին տևողության ցանկ: Յուրաքանչյուր տարիքի համար սահմանվում է կյանքի միջին տևողություն: Այս պահին կյանքի միջին տևողությունը 63 տարեկանում 17.03 է: Դա նշանակում է, որ 63 տարեկանում մարդը ևս 17.03 տարի ապրելու հավանականություն ունի: Հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ՝ քաղաքացու կուտակված գումարը բաժանվում է 17.03 տարվա, դա էլ բաժանվում է 12 ամսվա, ստացվում է յուրաքանչյուր ամսվա գումարը: 0.75-ը բազմապատկվում է 24 հազար դրամով՝ բազային կենսաթոշակի չափով, ստացվում է 18 հազար դրամ: Եթե ամսականի վերածած միջոցները ստացվում են 18 հազար դրամից ավելի, բայց 120 հազարից պակաս, ապա քաղաքացին կարող է ընտրել միայն անուիտետի տարբերակը: Իսկ, եթե 18 հազար դրամից պակաս է, ապա մասնակցին հնարավորություն է տրվում դիմել ու միջոցները միանվագ ստանալ:

Անուիտետը կյանքի ապահովագրական ընկերության հետ կնքված պայմանագիր է, որով ընկերությունը երաշխավորում է քաղաքացուն մինչև կյանքի վերջ ամսական կտրվածքով վճարել գումար՝ անկախ նրանից, թե քաղաքացին նախատեսվածից ավելի երկար, թե կարճ կապրի: Անուիտետի դեպքում կուտակած ամբողջ գումարը Կենտրոնական դեպոզիտարիան փոխանցում է ապահովագրական ընկերությանը, որն էլ սկսում է ամսական կտրվածքով վճարումներն անել:

Իսկ ծրագրային վճարի տարբերակի դեպքում  կուտակումները կառավարիչը վճարում է կյանքի սպասվող միջին տևողության ամբողջ ընթացքում:

Կենսաթոշակի գումարները ժառանգելի են

Եթե մարդը մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը մահանա, ապա ժառանգները կարող են նրա կուտակած կենսաթոշակային միջոցները ստանալ իրենց նախընտրելի եղանակով՝ միանվագ կամ, օրինակ, կարող են փոխանցել իրենց կենսաթոշակային հաշիվներին:

«Ցավոք, 2020 թվականի պատերազմով պայմանավորված՝ ունեցել ենք վաղ ստանալու դեպքերի մեծ քանակ: Բայց նաև տեսնում ենք, որ կան հաշիվներ, որոնք այս պահին ճանաչվում են անժառանգ: Կարծում եմ, որ կան բազմաթիվ մարդիկ, որոնք պարզապես տեղյակ չեն, որ ունեն ժառանգատուի կենսաթոշակային միջոցներ, որոնց համար կարելի է դիմել: Բայց կան նաև որոշակի այլ հարցեր. երբ ընդունում ես ժառանգությունը, ապա նաև ընդունում ես նրա պարտավորությունները»,-ասում է Տիգրան Պետրոսյանը՝ հավելելով, որ Նոտարական պալատի հետ միասին  աշխատում են, նաև որոշակի իրազեկման արշավներ են փորձում իրականացնել:

Եթե 3 տարի հետո ժառանգները չեն դիմում կենսաթոշակային միջոցները ստանալու համար, ապա Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է դրա մասին հայտնել Ֆինանսների նախարարությանը: Նախարարությունը կարող է դիմել դատարան՝ այդ միջոցներն անժառանգ ճանաչելու: Եվ արդյունքում անժառանգ ճանաչվելով՝ միջոցները վճարվում են պետական բյուջե:

Ո՞ր դեպքում է հնարավոր կուտակած գումարը  ստանալ մինչև կենսաթոշակի տարիքը հասնելը

Կենսաթոշակի գումարը վաղ ստանալու մի քանի դեպքեր կան: Դեպքերից մեկն  այն է, երբ Հայաստանում աշխատող օտարերկրյա քաղաքացին վերադառնում է իր մշտական բնակության երկիր: Կենսաթոշակային գումարը հնարավոր է վաղ ստանալ նաև, երբ անձը ճանաչվում է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամություն ունեցող անձ: Կուտակած գումարը հնարավոր է վաղ ստանալ նաև կառավարության կողմից սահմանված հիվանդությունների ցանկից որևէ հիվանդությամբ հիվանդանալու դեպքում:

 

Ֆոնդերում տատանումներ. պե՞տք է արդյոք անհանգստանալ, երբ կենսաթոշակային հաշվից գումար է պակասում

2022 թվականի ընթացքում քաղաքացիները նկատեցին՝ իրենց կենսաթոշակային հաշիվներից գումար էր պակասել, ֆոնդերի եկամտաբերությունը բացասական էր:

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»–ից վստահեցնում են՝ կարճաժամկետ տատանողականություններն այդքան կարևոր չեն: Ավելի կարևոր է, թե երկարաժամկետում ֆոնդերն ինչ եկամտաբերություն են ունեցել: Համակարգի ներդրման պահից ի վեր իրենց կողմից կառավարվող ֆոնդերը տարեկան միջինում 8 տոկոս եկամտաբերություն են ունեցել: «Այդ ընթացքում միջին գնաճը մոտավորապես 3 տոկոս է եղել, որը ենթադրում է 5 տոկոս գնողունակության աճ, ինչը վատ թիվ չէ: Կարող են լինել եռամսյակներ կամ տարիներ, երբ ֆոնդերի եկամտաբերությունը լինի բացասական, դրանից խուսափելն անհնար է»,-նշում է Իգնատ Ֆրանգյանը:

Ինչ վերաբերում է 2022-ի հայտնի զարգացումներին, ապա այդ ժամանակ տեղի են ունեցել դեպքեր թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, որոնցից խուսափելն ուղղակի անհնար էր: Ընկերությունից հավաստիացնում են, որ 2022–ին, սակայն, նաև քայլեր են իրականացրել այս ուղղությամբ, նվազեցրել են ռիսկային ակտիվների կշիռը՝ մեղմելու բացասական եկամտաբերությունը: 2023–ին էլ փոփոխություններ են իրականացրել պորտֆելում: 8.2 տոկոս բացասական եկամտաբերության համեմատ՝ 2023–ին պահպանողական ֆոնդը ունեցել է դրական 16.3 տոկոս եկամտաբերություն:  Դրական դինամիկան շարունակվել է 2024 թվականի սկզբին. առաջին եռամսյակի արդյունքում եկամտաբերությունը 3.3–4.8 տոկոս է: Երբ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»–ում ընդհանուր ֆոնդերի ծավալը հատել է 1 մլրդ դոլարի չափը, արձանագրել են, որ դրանից մոտ 22 տոկոսը, որը համարժեք է 94 մլրդ դրամին, աշխատած եկամուտն է, իսկ մնացած մասը քաղաքացիների և պետության հատկացումները:

Ինչո՞ւ կուտակել                                    

«Ինչու՞ կուտակել» հարցին ի պատասխան Իգնատ Ֆրանգյանը նախ կարճ է պատասխանում. «Որպեսզի մեր ծնողների չափ կենսաթոշակ չստանանք, երբ հասնենք նրանց տարիքին: Շատ դեպքերում, եթե երեխաներն իրենց ծնողներին չօգնեն, նրանք իրենց կենսաթոշակով նվազագույն կենցաղային հարցեր չեն կարող լուծել»:

Ապա կառավարիչ ընկերության ռիսկերի կառավարիչը հավելում է՝ երբ մարդը բարձր աշխատավարձ ստանալուց հետո հասնում է կենսաթոշակային տարիքի և ստանում իր աշխատավարձի 10 տոկոսը, տեղի է ունենում կյանքի մակարդակի կտրուկ նվազում: Իսկ այս համակարգը թույլ է տալու միջին կամ բարձր աշխատավարձ ստացող անձանց իրենց աշխատավարձին մոտ կենսաթոշակ ստանալ:

«Նպատակը քաղաքացուն արժանավայել թոշակ ապահովելն է: Այս համակարգը նաև երկրի մակարդակով է լավ արդյունքների բերում, օրինակ՝ կապիտալի շուկայի զարգացում: Նաև մարդկանց մոտ ձևավորում է խնայողություններ կատարելու մշակույթ: Երկրորդ կարծիք չկա, որ խնայողություններ անելը լավ վարքագիծ է»,-ասում է Պետրոս Մարգարյանը:

2024.04.19_17.01.33.20.JPG (665 KB)

 Կան  մարդիկ, որոնք ասում են, թե  իրենց աշխատավարձից ամսական կտրվածքով հատկացվելիք այդ գումարները, գուցե, հենց իրենք կարող էին պահել կամ ներդնել առանց նման համակարգի: Մարգարյանն արձագանքում է այս տեսակետին. «Համակարգի նպատակն է եկամուտներն այսօրվանից տեղափոխել ապագա և պահել մեր քաղաքացիների գնողունակությունը: Ենթադրենք, եթե այս գումարները չներդրվեին, այլ օրինակ՝ ինչ–որ տեղ մնային, ապա ապագա եկամուտը կպակասեր գնաճի չափով, որովհետև 15 տարի հետո մենք ունենալու ենք ուրիշ գնողունակությամբ դրամ: Իսկ մենք կարողանում ենք ավել եկամուտ ապահովել մեր ներդրումների միջոցով՝ ավելին, քան գնաճն է»:

Կենտրոնական դեպոզիտարիայից Տիգրան Պետրոսյանն էլ ընդգծում է՝ համակարգը հնարավորություն է տալիս օգտվել միջազգային համբավ ունեցող կառավարիչների կողմից ներդրումները ճիշտ դիվերսիֆիկացնելու, ճիշտ պորտֆել ձևավորելու կարողությունից:

«Սա նաև հնարավորություն  է՝ փոխելու մեր գիտակցությունն առ այն, որ պետք է մտածենք նաև կուտակելու մասին: Մենք պետք է ստեղծենք մեր կյանքի անվտանգության բարձիկը: Սերունդների համերաշխությունը, իհարկե, լավ է, բայց սա այն անվտանգության բարձիկն է, որ մենք ստեղծում ենք մեզ համար: Սա որոշակի անկախություն է տալիս ավագ սերնդին: Կուտակելը որոշակի անկախություն է ձևավորելու՝ հետագայում կարողանալու ապրել բացառապես մեր կուտակածի հույսով, այլ ոչ թե ապավինելու մեր երիտասարդ սերնդին»,-ասում է Պետրոսյանը:

Թե ինչու կուտակել, շահագրգիռ կողմերը տարբեր ձևակերպումներ են տալիս, սակայն բոլորի դեպքում գաղափարը հետևյալն է՝ ունենալու ապահով ծերություն:

Նյութը՝ Աննա Գրիգորյանի

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am