Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Իրականն ու հորինվածը՝ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման մեջ. «Փահլևան»-ը արդեն «Բոհեմ» թատրոնի բեմում է

Իրականն ու հորինվածը՝ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման մեջ. 
«Փահլևան»-ը արդեն «Բոհեմ» թատրոնի բեմում է

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռաֆայել Երանոսյանը «Փահլևան» մոնոներկայացմամբ իրական և հորինված պատմություններով, հետաքրքիր դիտարկումներով, իրեն հատուկ հումորով անդրադառնում է անհատին, ժողովրդին, խոսում շատերիս հուզող հարցերի մասին և հորդորում հանդուրժող լինել, լսել միմյանց ու առաջ նայել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երանոսյանի երրորդ մոնոներկայացման առաջնախաղը տեղի ունեցավ մայիսի 15-ին «Բոհեմ» թատրոնում:

GEV_9464.JPG (449 KB)

Դերասանը նշում է՝ յուրաքանչյուր ներկայացում թիմային աշխատանքի արդյունք է: Սցենարիստները Երանոսյանի ընկերներն են՝ Արմեն Վարդանյանը, Գարիկ Գևորգյանն ու Գևորգ Սահակյանը:

«Մեզ հուզող հարցերը որոշ համեմունքներով  ներկայացմամբ  մատուցում ենք հանդիսատեսին: Առաջին՝ «tRaffik» մոնոներկայացման ժամանակ ավելի երիտասարդ էի,  ամեն բան այլ կերպ էր, երկրորդ՝ «Էվոլյուցիա» ներկայացումը ևս տարբերվում էր, իսկ «Փահլևան» ներկայացման մեջ քիչ ենք անդրադարձել կենցաղին: Տարեցտարի մեծանում ես. հաջորդ տարի չեմ կարող այս ներկայացմամբ ասել այն, ինչ այս տարի, ուստի թեմաները զգույշ ենք ընտրում, զգույշ ենք մոտենում խնդրին»,-ընդգծում է Երանոսյանը և հավելում՝ թատրոնն իրենց հարթակն է, իրենց ամբիոնն է:

GEV_9370.JPG (258 KB)

Երանոսյանի ուշադրությունից չի վրիպել նաև քաղաքականությունը: Ասում է՝ դա բնական է. եթե չես խոսում քաղաքականությունից, հետաքրքիր չես:

Արմեն Վարդանյանի խոսքով՝ իրենք կարող են հարսների, սկեսուրների և այլ հարաբերությունների մասին սցենարով անդադար ծիծաղեցնել, սակայն իրենց նպատակը դա չէ: «Ինչպես սոցիոլոգիայում, այնպես էլ սցենար գրելիս առաջ է քաշվում խնդիրը, որի հիման վրա սկսվում է համատեղ աշխատանքը, մտքերի բախում չի լինում, ոչ մի կարծիք սխալ չի համարվում: Մոնոներկայացման պարագայում յուրաքանչյուր նյութ պետք է համապատասխանի տվյալ դերասանին, պետք է հասկանալ նրա՞նն է, թե՞ ոչ, նա կարո՞ղ է դա ասել, թե՞ ոչ: Որքան էլ նյութը կարևոր լինի, արդիական կամ հումորային, այն պետք է տվյալ արտիստինը լինի»,-նշում է Վարդանյանը:

GEV_9338.JPG (251 KB)

Սցենարիստները հավաստիացնում են՝ յուրաքանչյուր հարցի մասին խոսելիս պահել են հավասարակշռությունը և կարծում են՝ այսօր փահլևանի լարի վրա ենք կանգնած, որովհետև բոլորս մեր մեղքի բաժինն ունենք:

«Ցանկանում ենք ասել, որ անհրաժեշտ է պահպանել մեր հավասարակշռությունը, ինչպես ժամանակին դա արել են հրեաները և բարդ իրավիճակում հայտնված այլ ազգեր: Մեր գործիքը հումորն է, մենք քաղաքական գործիչներ չենք, և մեր կարծիքն այստեղ ենք արտահայտում՝ փորձելով համերաշխություն ստեղծել»,-ասում է սցենարիստը:

GEV_9406.JPG (290 KB)

Վարդանյանը հիշում է փիլիսոփայական հետևյալ արտահայտությունը. «Եթե բոլորը ճիշտ են, ուրեմն բոլորն էլ սխալ են, եթե բոլորը սխալ են, ուրեմն բոլորը ճիշտ են»: «Մենք շատ կտրուկ ենք կարծիքներ արտահատում, կամ շատ լավն ենք, կամ շատ վատն ենք, իսկ սոցիալական հարթակներում ագրեսիան շատ է»,-ասում է նա:

GEV_9349.JPG (238 KB)

Երանոսյանն էլ խոստովանում է՝ իրենք ուզում են բարություն քարոզել, հնարավորություն տալ իրար լսել, հանդուրժող լինել: «Եթե իրար չլսենք, կլինեն բազմաթիվ  կարծիքներ, ամեն մեկն իրենն առաջ կտանի և փահլևանի լարի վրա կմնանք»,-նշում է դերասանը:

Ստեղծագործական կազմը նաև նպատակ ունի «Փահլևան» մոնոներկայացմամբ հանրությանը մի պահ կտրել մտահոգիչ իրականությունից, լիցքաթափվելու առիթ դառնալ: Ասում են՝ Ռաֆայել Երանոսյանն այնքան է սիրում բեմն ու չի պատկերացնում իրեն առանց թատրոնի, որ ասես ամուսնացել է բեմի հետ, իսկ այն հարցին, թե ինչու մինչ օրս դերասանը չի ամուսնացել, Երանոսյանը խոստովանում է՝ չափազանց բծախնդիր է:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am