Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները

Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատունը կտեղափոխվի նոր շենք և կվերսկսի աշխատանքը դիվանագիտական ​​առաքելության գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուց հետո:

«Անցյալ տարվա հունվարին Իրանում մեր դեսպանատան վրա տեղի ունեցած ահաբեկչությունից հետո իրանական կողմի հետ բանակցությունների հիմնական ուղղություններից էր վերջին մի քանի ամիսների ընթացքում դեսպանատան անվտանգության ապահովման հարցը: Երկու երկրների պաշտոնյաների և համապատասխան կառույցների միջև շփումների և բանակցությունների արդյունքում մեր ակնկալիքները հասցվել են մյուս կողմին: Այդ կապակցությամբ իրանական կողմը համապատասխան աշխատանք է կատարել մեր դեսպանատունը նոր վայր տեղափոխելու համար, որն ավելի անվտանգ է և համապատասխանում է դեսպանատան համար անհրաժեշտ բոլոր պահանջներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Հաջիզադեն։  

Նրա խոսքով՝ դեսպանատան նոր վայրն արդեն որոշված ​​է․ «Ներկայումս նշված վայրում և շենքում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ դեսպանության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով, այս աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է դեսպանության գործունեությունը վերսկսել նոր վայրում»,- հավելել է նա։ 

2023 թվականի հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում էր իրականացվել, որի հետևանքով զոհվել էր դիվանագիտական ​​առաքելության անվտանգության ծառայության ղեկավարը, ևս երկու աշխատակից վիրավորվել էին։

Այս միջադեպից հետո Ադրբեջանի իշխանությունները որոշեցին տարհանել Թեհրանում դեսպանատան բոլոր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին։  Տարհանումը տեղի է ունեցել հունվարի 29-ին։

Ներկայումս Թավրիզում գործում է միայն Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am