Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Պեղումների գտածոները մեր հարուստ մշակույթի վկայությունն են․ Հայաստանի պատմության թանգարանում ներկայացվեց Անիի բացառիկ հավաքածուն

Պեղումների գտածոները մեր հարուստ մշակույթի վկայությունն են․ Հայաստանի պատմության թանգարանում ներկայացվեց Անիի բացառիկ հավաքածուն

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Անի. Բագրատունիների տիեզերահռչակ մայրաքաղաք» և «Հայաստանը 10-14-րդ դարերում» մշտական ցուցասրահների պաշտոնական վերաբացման արարողությունը։ Ցուցադրության շրջանակում ներկայացվեցին շուրջ 350 առարկաներ Անիից ու Դվինից (գրակալներ, խաչեր, բուրվառներ, Անիից հայտնաբերված 12-13-րդ դարերի մանկական մետաքսե վերնազգեստ, խեցեղեն և ապակյա իրեր, մանրակերտներ), ինչպես նաև կոթողներ Մեղրիի, Հաղարծինի, Նորավանքի, Գառնու, Հովհաննավանքի և Կեչառիսի հուշարձաններից։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ բավականին երկար դադարից հետո կրկին հնարավորություն ընձեռվեց հանրությանը ներկայացնել Հայաստանի պատմության թանգարանի մշտական ցուցադրության կարևոր հատվածներից մեկը, մեր մշակութային ժառանգության բաղկացուցիչ մասնկիցներից մեկը՝ Անիի ավանդական ցուցասրահի հավաքածուն։ 

«Դեռ նախորդ դարի սկզբին Անիում իրականացվել են հսկայածավալ հնագիտական ուսումնասիրություններ, որոնց արդյունքում այնտեղ ստեղծվել էին երեք թանգարաններ։ Դրանք միասին կոչվում էին Անիի հնադարան։ Այս տարի լրանում է բացառիկ հնադարանի ստեղծման 120-ամյակը։ Այնպես ստացվեց, որ դրա հետ համընկավ մեր ցուցասրահի վերաբացումը։ Հոբելյանի առթիվ մեր ցուցադրության մեջ փորձել ենք ընդգրկել հնադարանից փրկված հետաքրքիր ընտրանի եզակի նմուշներից, ինչպես նաև հնադարանին նվիրված 10-14-րդ դարերի ժամանակահատվածի մոտ չորս հարյուր առարկա։ Տվյալ ցուցադրական հատվածները բացվել են նորովի, այստեղ կիրառվել է վավերագրություն, նոր անիմացիոն ու գծագրային վերակազմություններ, որոնց շնորհիվ հնարավորություն է ստեղծվել հանրությանը նորովի ներկայացնել մեզ հասած փառահեղ ժառանգությունը։ Կան շատ եզակի իրեր, որոնք ունեն հետաքրքիր կոնտեքստ և անշուշտ դուր կգան մեր այցելուներին՝ թանգարանը դարձնելով նրանց այցելության ամենասիրելի վայրերից մեկը»,- ասաց Պողոսյանը։  

Գաղտնիք չէ, որ պեղումների արդյունքում հայտնաբերված առարկաներն ու իրերը հայ ժողովրդի հարուստ մշակույթի ու դարավոր տարեգրության կենդանի վկայությունն են, ուստի պատմության թանգարանը անում են ամեն ինչ, որպեսզի դրանք հավուր պատշաճի ներկայացնի նաև միջազգային հանրությանը։  

«Մեր ցուցադրությունը համընկավ ևս մեկ հետաքրքիր ու կարևոր նախաձեռնության հետ։ Այս օրերին Վենետիկի Դոժեի պալատում մի մեծ սրահ նվիրված է Հայաստանին։ Այնտեղ ցուցադրված են շատ իրեր նաև Անիից։ Մոտ երեսուն առարկաներ հենց պատմության թանգարանից ցուցադրվում են վերոհիշյալ սրահում և մասն են կազմում բացված մեծ ցուցահանդեսի՝ նվիրված Մարկո Պոլոյի մահվան 700-ամյակին։ Մասնավորապես, այնտեղ են ներկայացված Անիից պեղված գրակալներից մեկը, բուրվառներ, ջնարակապատ խեցեղենի հոյակապ նմուշներ։ Դրանք պատմում են Հայաստանի ու Կիլիկյան թագավորության մշակութային ժառանգության մասին՝ մեր երկիրը միջազգային հանրության աչքերում դարձնելով ավելի ներկայանալի»,- տեղեկացրեց թանգարանի տնօրենը։

Պողոսյանը հավելեց, որ իրենք սկսել են մշտական ցուցադրությունների վերաբերյալ կատալոգներ թողարկել։ Հին շրջանի առաջին հատվածն այս տարի արդեն լույս է տեսել։ Անիի վերաբերյալ նույնպես կա հրատարակված մի կատալոգ, որը հասանելի է թանգարանի հուշանվերների տաղավարում։ Հնարավոր է հետագայում նոր հայացք դարձնել 10-14-րդ դարերի մշակութային ժառանգությանը։ 

Ցուցահանդեսի վերաբացմանը ներկա էր նաև ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, ով այցելուներին շնորհավորեց թանգարանների միջազգային օրվան ընդառաջ։ 

«Շատ ուրախալի է, որ մեր պատմության թանգարանը փուլ առ փուլ վերաբացում է մշտական ցուցադրություններից մեկը, և հատկապես այս ցուցադրությունը կարևոր է այն առումով, որ Անի մայրաքաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության մաս է կազմում։ Հենց այս պահին Վենետիկում նույնպես ցուցադրվում է բացառիկ հավաքածուի մի մասը, ինչն իրականացվել է թանգարանի նվիրյալ աշխատակիցների ջանքերի շնորհիվ»,- ասաց փոխնախարարը։ 

Լուսանկարները` Հայկ Մանուկյանի

Նա տեղեկացրեց, որ թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն այսօր արժանացել է ԿԳՄՍ նախարարության պատվոգրին և հընթացս հիշեցրեց, որ այս տարի լրանում է Անիում պեղումներ իրականացրած հայտնի հնագետ Նիկողայոս Մառի և ճարտարապետ Թորոս Թորամանյանի ծննդյան 160-ամյակը, ինչպես նաև արշավախմբի անդամ, անվանի հնագետ Աշխարհաբեկ Քալանթարի ծննդյան 140-ամյակը։ Քոչարյանը տեղեկացրեց նաև, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա ամենասպասված իրադարձություններից մեկը՝ Անահիտ աստվածուհու հուշարձանի բրոնզե ձեռքի ու գլխի ցուցադրությունը վեցամսյա ժամկետով։ 

Մանվել Մարգարյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am