Կառավարության աջակցությամբ ՓՄՁ-ներին տրամադրվել են 280 միլիոն դրամի չափով վարկային միջոցներ

Armenpress 13:43, 9 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ ծրագրի ներդրման արդյունքում երեք օրում փոքր և միջին ձեռնարկությունների կողմից 27 հայտ է ներկայացվել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 9-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը` ներկայացնելով կառավարության տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների ընթացքը։

Նախախարը նշեց, որ ձեռնարկատերերը կստանան 280 միլիոն դրամ գումարի չափով վարկային միջոցներ։

«Այս դեպքում կազմակերպության ընտրությունը կատարում ենք ոչ թե ֆինանսական համակարգի օգնությամբ, այլ հաշվի ենք առնում այն փաստը, որ կազմակերպությունը 2019 թվականի ընթացքում ցուցաբերել է բարեխիղճ վարկային և հարկային վարքագիծ»,- ասաց Խաչատրյանը։

Կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը միտված է փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցմանը: Կարող են օգտվել այն ՓՄՁ-ները, որոնք գործում են զբոսաշրջության, առողջապահության, կացության, հանրային սննդի, մշակող արդյունաբերության ոլորտներում: Դրանց 2019-ի շրջանառությունը պետք է լինի 24-500 մլն դրամի շրջանակում, և 2019-ի մեկ եռամսյակի շրջանառությունը ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսից ավելին պետք է լինի: Շահառուներն են՝ մշակող արդյունաբերություն, կացության և հանրային սննդի կազմակերպում, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, զբոսաշրջային ծառայություններ, սպասարկման այլ ծառայություններ և առողջապահություն։

Կարեն Խաչատրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am