ՌԴ ՊՆ Միջազգային հակաականային կենտրոնը հետազոտում է Ստեփանակերտի մասնավոր տներն ու հողամասերը

Armenpress 11:28, 13 Դեկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում ինժեներական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Ռուս խաղաղապահները ինժեներական հետախուզում եւ ականազերծում են իրականացրել Ստեփանակերտի օդանավակայանի շրջանում, մասնավոր տներում, տնամերձ հողամասերում, ինչպես նաեւ էլեկտրահաղորդման գծերի հենարանների շուրջ՝ ապահովելով մարտական գործողությունների ընթացքում վնասված էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնողական բրիգադի աշխատանքի անվտանգությունը:

Մեկ օրում մաքրվել է մոտ 12 հա տարածք, հետազոտվել է 130 շենք, հայտնաբերվել և ոչնչացնելու համար դուրս է բերվել 172 պայթուցիկ առարկա:

Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 150 հա տարածք, շուրջ 32 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 4760 պայթուցիկ առարկա:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները, լքված կամ չաշխատած ռազմամթերքը դուրս է բերվում հատուկ սարքավորված վայր եւ ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում ՝ ապահովելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ։

Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան ս. թ. նոյեմբերի 10-ին Երևանի ժամանակով 01:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:

Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական եւ ինժեներական ենթակառուցվածքների օբյեկտները:

Ռուս խաղաղապահների աջակցությամբ մարտական գործողությունների հետեւանքով տուժած շրջաններում շարունակվում է կենսական ինժեներական հաղորդակցությունների վերականգնումը: Աշխատանքների սկզբից վերականգնվել է 48 հենարան եւ 17,2 կմ էլեկտրահաղորդման գիծ, 31 տրանսֆորմատոր։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am