Գրքի տոնին ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը գրքեր նվիրեցին Խնկո Ապոր գրադարանի լավագույն ընթերցողներին

Armenpress 15:23, 19 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գիրք նվիրելու օրվա առթիվ փետրվարի 19-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը փոխնախարար Արա Խզմալյանի ուղեկցությամբ այցելեց Խնկո Ապոր անվան ազգային գրադարան, ծանոթացավ հայաստանյան հրատարակչությունների՝ տարբեր տարիների թումանյանական հրատարակությունների ցուցահանդես-տոնավաճառին և պարգևատրեց 2020 թվականի գրադարանի լավագույն ընթերցողներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որպես տարվա լավագույն ընթերցողներ նախարարը երեխաներին հանձնեց Հ. Թումանյանի ստեղծագործությունների ընտրանին:

«Գիրք կարդալու մշակույթն էապես առաջընթաց է գրանցել: Գիրքն այլևս այն գիրքը չէ, որը տարիներ առաջ էր, երբ ուղղակի գիրք էր և հաճախ ուշադրությունից դուրս էր մնում: Իմ դիտարկումներով, այսօր գիրքը որպես հոգևոր արժեք նշանակություն է ձեռք բերել: Մենք հասկանում ենք, որ առանց գրքի չունենք ապագա»,- նշեց Դումանյանը:

Ըստ նախարարի՝ գիրքը տարածելու գործում դեռ շատ աշխատանք կա անելու, բայց կարևոր է, որ հիմք կա: Պետք է անել հնարավորը, որ փոքրիկները, աշակերտները, ուսանողները շատ ընթերցեն:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Անդրադառնալով Գիրք նվիրելու օրվա կարևորությանը՝ Դումանյանն ասաց, որ պատահական չէ, որ Գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ է կապված: Բազմաթիվ սերունդներ գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով, մանկական պատմվածքներով ու բանաստեղծություններով: «Կարծում եմ՝ շատերը գիտեն, որ Գիրք նվիրելու օրվա նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի գրողների միության նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանին, որի շնորհիվ էլ 2008 թվականից ի վեր նշում ենք այս գեղեցիկ տոնը: Արդեն ավանդական դարձած տոնը բազմախորհուրդ է. նվիրելով՝ մենք մեկ անգամ ևս արժևորում ենք գիրքը, մեր գիտելիքներն ու հույզերն ենք փոխանցում միմյանց, հաղորդակցվում ենք գրականության ու հոգևոր-մշակութային արժեքներին, հղկում ենք մեր միտքն ու ճաշակը, լուսավորում ենք մեր ուղին, ներկան և ապագան»,-ընդգծեց ՀՀ ԿԳՄՍ նախարարը:

Գիրք նվիրելու տոնին մայրաքաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Գրողներն այցելում են դպրոցներ, հաղորդակցվում աշակերտների հետ և գիրք նվիրում նրանց, գրախանութները տոնի կապակցությամբ գրքերը վաճառում են զեղչված գներով, հրատարակչությունները ընթերցասերներին նոր գրքեր են ներկայացնում, գրադարաններում ընթերցանության միջոցառումներ են կազմակերպվում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am