Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. Հայաստանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը

Armenpress 21:25, 11 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հաղթեց Ֆրանսիայի պատվիրակ Լիսանդրոն՝ «Oh Maman»  երգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ մրցույթի քվեարկության կարգի՝ մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր ձայն տալ նաև իր պատվիրակին: Քվեարկությունը մեկնարկել էր դեկտեմբերի 9-ից jesc.tv կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր  մասնակիցների ելույթների նախնական տարբերակները:

Քվեարկությունն ավարտվեց մրցույթի օրը՝ շոուից անմիջապես առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում՝ բոլոր ելույթներից հետո: Քվեարկությունը տևեց 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն վերածվեց միավորների՝ դառնալով մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը ձևավորվեց ժյուրիի գնահատականի հիման վրա:

Հայաստանի պատվիրակ Նարեն Dance երգով զբաղեցրեց  երկրորդ հորիզոնականը:

Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 5 միավոր ստացավ Ալբանիայից, 10 միավոր՝ Իռլանդիայից, 12 միավոր՝ Իսպանիայից, 2՝ Լեհաստանից, 12՝ Հյուսիսային Մակեդոնիայից, 12 միավոր՝ Ղազախստանից, 4 միավոր՝ Մալթայից, 5՝ Նիդեռլանդներից, 7 միավոր՝ Պորտուգալիայից, 8՝ Սերբիայից, 8 միավոր՝ Ուկրաինայից, 8՝ Միացյալ Թագավորությունից, 5 միավոր՝ Վրաստանից և 12 միավոր՝  Ֆրանսիայից:

Նարեն ժյուրիի քվեարկության արդյունքում վաստակեց 110 միավոր:

Մեր երկիրն իր 12 միավորը տվեց Վրաստանի մասնակցին:

Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Նարեն վաստակեց  70 միավոր:

Հայաստանում մրցույթի պաշտոնական հեռարձակողը Հանրային հեռուստաընկերությունն է:

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Մալենայի հաղթանակի շնորհիվ մրցույթը 2022-ին անցկացվեց Հայաստանում: 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» մասնակցեցին 16 երկրի ներկայացուցիչներ, որոնց  միավորեց «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am