Նորանշանակ փոխվարչապետ Խաչատրյանը ՀՀ նախագահին է ներկայացրել ֆինանսական համակարգերի ռիսկերին դիմակայելու ուղիները

Armenpress 18:08, 26 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է նորանշանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:«Ես որևէ կասկած չունեմ, որ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի Ձեր փորձը մեծ ու կարևոր դեր է խաղալու փոխվարչապետի պաշտոնում և, իմ անձնական գնահատականով, Ձեր նշանակումը կհանգեցնի նաև կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը»,- ընդգծել է նախագահը:Ըստ աղբյուրի՝ Տիգրան Խաչատրյանը, շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար, նշել է, որ իր աշխատանքային կենսագրության ընթացքում մշտապես առաջնորդվել է համագործակցության սկզբունքով և նոր պաշտոնում ջանքեր չի խնայելու իր համակարգման ներքո գտնվող գերատեսչությունների և ընդհանրապես գործադիրի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:«Հանդիպման ընթացքում Տիգրան Խաչատրյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել տարվա ավարտին հայաստանյան ֆինանսական համակարգերում առկա ընթացիկ զարգացումների ընդհանուր պատկերը և գալիք տարում կանխատեսելի ռիսկերն ու դրանց դիմակայելու ուղիները, մասնավորապես՝ կապիտալ ծախսերի կատարողականի բարձրացմանն ուղղված միջոցառումների հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:Նշվում է, որ զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը շեշտել է իր պատրաստակամությունը հնարավորությունների սահմաններում աջակցել գործադիրի կողմից նախատեսվող ծրագրերին:Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային փոխադարձ շփումներն ու խորհրդապահական բնույթի հանդիպումները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am