Գյումրիում ոստիկանությունը բերման ենթարկեց ՌԴ 102-րդ ռազմաբազայի ճանապարհի փակման ակցիայի մասնակիցներին

Armenpress 15:23, 8 Հունվար, 2023

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում  ոստիկանները ցրեցին «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության կողմից ՌԴ 102-րդ ռազմաբազայի մոտ  նախատեսված հավաքը, ավելի քան վեց տասնյակ մարդ բերման երնթարկվեց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը, ինչպես նախապես հայտարարել էր,  հունվարի 8-ին փորձել էր փակել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա տանող ճանապարհը՝ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտակայքում:

Նախաձեռնողները նշում էին, որ «Շրջափակում՝ հանուն ապաշրջափակման» խորագրով հավաքի նպատակն է շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան՝ պահանջել Բերձորի (Լաչինի) միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունն ստանձնած ռուսական խաղաղապահներից կատարել իրենց պարտավորությունը։

ՀՀ ոստիկանության աշխատակիցները ավելի վաղ փակել էին Կարսի խճուղուց դեպի ՌԴ 102-րդ ռազմաբազա տանող ճանապարհը և երբ «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի կողմնակիցները Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի մոտից քայերով շարժվեցին դեպի բազա տանող հատված, ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին՝ հիմնականում տղամարդկանց,  բերման ենթարկեցին հավաքների մասին օրենքը խախտելու և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով:

 Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Արմենուհի Մխոյան        



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am