Անի  համայնքում ընտրություններին մասնակցում է չորս քաղաքական ուժ, ընտրվելու է ավագանու 21 անդամ

Armenpress 12:30, 26 Մարտ, 2023

ԳՅՈՒՄՐԻ,  26  ՄԱՐՏԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ընտրապայքարին մասնակցում է մեկ դաշինք և 3 կուսակցություն՝  «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք, «Հայկական երազանք», «Քաղաքացիական պայմանագիր» և «Իմ հզոր համայնք» կուսակցությունները: Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մասնակից ուժերից ընտրվելու են 21 ավագանու անդամներ:  

Հիշեցնենք, որ համայնքում անցած տարվա սեպտեմբերի 26-ին կայացան ՏԻՄ ընտրություններ, սակայն իշխանություն այդպես էլ չձևավորվեց՝ ընտրություններում մասնակից ուժերը չկարողացան ո՛չ 50 տոկոսից ավելի ձայն ստանալ, ո՛չ էլ կոալիցիա ձևավորել, ինչի պատճառով ՀՀ կառավարության որոշմամբ, դեկտեմբերի 8-ին վաղաժամկետ դադարեցվեցին Անի խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակը գլխավորած Արման Սարիբեկյանը նշանակվեց Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչ նոր ընտրությունների անցկացումը:

2022-ին կայացած ընտրություններում Անի համայնքի 21 մանդատը բաշխվել էր հետևյալ հարաբերակցությամբ՝ «Ազգ-համայնք» դաշինք՝ 10, ՔՊ՝ 8, «Հայկական երազանքը»՝ 3 մանդատ:

Արմենուհի Մխոյան       

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am