Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա

Armenpress 13:54, 29 Մարտ, 2023

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն այլընտրանք չկա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Ջեյհուն Բայրամովն այս մասին ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Կոենի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում։

Բայրամովը նշել է, որ հարաբերությունների կարգավորումը պետք է հիմնված լինի միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։

Չնայած ակնհայտ փաստին, որ Ադրբեջանից ամեն օր ագրեսիվ հռետորաբանություն ու սպառնալիքներ են հնչում Հայաստանի հասցեին՝ Բայրամովը Հայաստանին է մեղադրել ագրեսիվ հռետորաբանության մեջ։ Նա հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանն առաջ է մղում խաղաղության օրակարգը, սակայն Հայաստանը սպառնում է ագրեսիվ հռետորաբանությամբ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am