Հայաստանի էկոնոմիկայի նախարարն ու Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տնօրենն անդրադարձել են ՀՀ-ում ներդրումների ներգրավմանը

Armenpress 13:48, 22 Ապրիլ, 2023

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 21-ին ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանզիին։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախարարը համառոտ ներկայացրել է 2022 թ.-ին Հայաստանում արձանագրված տնտեսական բարձր ցուցանիշներն ու տնտեսավարողների արտադրական կարողությունների ավելացմանն ուղղված ծրագրերը՝ այս համատեքստում հատկապես կարևորելով տնտեսության արդիականացման միջոցառումը։

Անդրադարձ է կատարվել ֆինանսական գործիքների կիրառման հնարավորությանն ու ներդրումների ներգրավմանը Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ու մատչելի ֆինանսական ռեսուրսների հասանելիությանը։

Քննարկվել է նաև Հայաստանում Լոզանի հյուրանոցների կառավարման դպրոցի (EHL Hospitality Business School) մասնաճյուղի բացման հնարավորությունը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am