ՀՀ նախագահը և Կատարի պետնախարարը քննարկել են Կատարի ազգային գրադարանի և Մատենադարանի հնարավոր համագործակցության հարցեր

Armenpress 18:27, 25 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում այցելել է Կատարի ազգային գրադարան և հանդիպում ունեցել գրադարանի նախագահ, Կատարի պետնախարար Համադ բին Աբդուլազիզ ալ Կուվարիի հետ:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել են մատենագիտության ոլորտում Կատարի ազգային գրադարանի և Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև համագործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Երկուստեք շեշտվել է մատենագիտության ոլորտում համագործակցության լայն հնարավորությունների առկայությունը:Ըստ աղբյուրի՝ ՀՀ նախագահը նաև շրջայց է կատարել գրադարանում, ծանոթացել արաբական հնագույն ձեռագրերի ֆոնդին, գրառում կատարել պատվո հյուրերի մատյանում:Այնուհետև նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կատարի Իսլամական արվեստի թանգարան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am