ՀՀ նախագահը և Վրաստանի դեսպանը կարևորել են երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների դինամիկ ընդլայնումը  

Armenpress 19:41, 30 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին մայիսի 26-ի՝ Վրաստանի անկախության և հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ և հաջողություններ մաղթել Վրաստանին և վրաց ժողովրդին:Ըստ աղբյուրի՝ դեսպան Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքի համար և ասել, որ փոխադարձաբար շնորհավորում է Հանրապետության նախագահին և հայ ժողովրդին մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի կապակցությամբ:«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական առկա սերտ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև առկա բազմաշերտ բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությանն ու ռազմավարական բնույթին»,- ասվում է հաղորդագրության մեջ:Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների համար առավել բարձր նշաձողեր սահմանելու վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալների դինամիկ ընդլայնումն ու տնտեսական կապերի ամրապնդումը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am