Արգենտինան պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության նպատակով. դեսպան

Armenpress 21:04, 11 Հոկտեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության ընթացքում նրա կատարած աշխատանքի և հայ-արգենտինական հարաբերությունների ամրապնդման համար:«Ես չեմ կասկածում, որ հայ-արգենտիանական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն և 1992 թվականից ի վեր դրանք շարունակական վերելք են ունեցել: Անցած երեք տարիների ընթացքում մենք զգացել ենք Ձեր անձնական սրտացավությունը այս դժվարին ժամանակներում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Իմացած եղեք, որ այս իրավիճակում մեր բարեկամների ու գործընկերների աջակցությամբ ենք կարողանում որոշումներ ընդունել երկրի կայունությունն ու զարգացումն ապահովելու համար»,- նշել է նախագահը:Ըստ աղբյուրի՝ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է. «Գրեթե երեք տարի Հայաստանում աշխատելուց հետո ես վերադառնում եմ Արգենտինա՝ այստեղ թողնելով շատ ընկերների, և վստահեցնում եմ, որ Դուք էլ ի դեմս ինձ, ունեք նոր ընկերոջ Արգենտինայում»:Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա սերտ հարաբերությունների հետագա զարգացման հարցեր: Կարևորվել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացումը:«Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին, այս կապակցությամբ դեսպան Վերգարան տեղեկացրել է, որ Արգենտինան առաջիկայում պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Հայաստան բռնի տեղահանվածներին աջակցության նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ մտքեր են փոխանակվել նաև ընդհանուր տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ, այս համատեքստում դեսպան Մարիանո Վերգարան ընդգծել է, որ Արգենտինան լիարժեքորեն աջակցում է Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության ու հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am