Թուրքիան ԵՄ-ին մեղադրել է ռազմավարական տեսլականի բացակայության մեջ

Armenpress 19:29, 20 Նոյեմբեր, 2023

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությանը պակասում է ռազմավարական տեսլականը, Անկարան Բրյուսելից ակնկալում է կոնկրետ և նշանակալի քայլեր՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացն ակտիվացնելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:

«Թուրքիան հավատարիմ է մնում ԵՄ-ին միանալու նպատակին և շարունակում է կառուցողական քաղաքականություն վարել՝ ուղղված բոլոր ոլորտներում համագործակցության և երկխոսության ամրապնդմանը: Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ ԵՄ-ն երբեմն զուրկ է ռազմավարական տեսլականից, ինչպես վերջերս եղավ ԵՄ հանձնաժողովի զեկույցում «Թուրքիա 2023»։ Մեր առջև ծառացած մարտահրավերները ցույց են տալիս, որ Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները չափազանց ռազմավարական են՝ որոշ անդամ պետությունների պարադոքսալ սեփական շահերին հասնելու համար»,-նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Նա ընդգծել է՝ իրենք ԵՄ-ից ակնկալում են հստակ քայլեր՝ ուղղված Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության գործընթացի ակտիվացմանը։ «Ակնհայտ է Թուրքիայի՝ որպես կայունության և բարգավաճման առարկայի կշիռն ու դերը տարածաշրջանային ճգնաժամերի պայմաններում։ ԵՄ-ի կողմից այս դերը հաշվի առնելն իր բոլոր ռազմավարություններում, ներառյալ անդամակցության գործընթացում, ձեռնտու կլինի ինչպես մեր երկրին, այնպես էլ ԵՄ-ին»,- շեշտել է Ֆիդանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am