Գյումրիում բացվել է Իտալիայի պատվավոր հյուպատոսության նոր գրասենյակը

Armenpress 20:36, 19 Հունվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրիում բացվել է Իտալիայի պատվավոր հյուպատոսության նոր գրասենյակը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, բացման արարողությանը մասնակցել են ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն, Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, Գյումրիում Իտալիայի պատվավոր հյուպատոս Մասիմիլիանո Ֆլորիանին, Գյումրիում Գերմանիայի հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, մտավորականներ, հյուրեր։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ներկաներին ողջունել և հյուպատոսությանն արդյունավետ աշխատանք է մաղթել մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը՝ ընդգծելով երկու բարեկամ երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Այնուհետև մարզպետի տեղակալն ու աշխատակազմի պատասխանատուները ներկա են գտնվել դեսպանության կողմից կազմակերպված «Gran Duo Italiano» համերգին։

Ջութակահար և ալտահար Մաուրո Տորտորելլին և դաշնակահար Անջելա Մելուզոն, Gran Duo Italiano-ի հետ միասին ներկայացրել են համերգ «հինգալար մեծ ջութակի» և դաշնամուրի համար, հնչել են իտալացի կոմպոզիտորներ Գաետանո Ֆուզելլայի, Մարիո Կաստելնուովո-Տեդեսկոյի, Ալեսանդրո Լոնգոյի, Լեոնե Սինիգալիայի և Ալֆրեդո Դ՛Ամբրոզիոյի ստեղծագործությունների ընտրանին` գրված և մշակված ջութակի և դաշնամուրի / ալտի և դաշնամուրի համար։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am