«Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» գիրքը  հնարավորություն կտա աշխարհին պատմելու հաջողված հայկական ընկերությունների մասին

Armenpress 09:43, 19 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» աշխատությունը Հայաստանի բիզնես հատվածի հնարավորություններն ու ձեռքբերումները, հայկական ընկերությունների նորարական գաղափարներն աշխարհին ցուցադրելու հնարավորություն կտա: Գիրքը հրատարակվելու է Kotler Impact ընկերության կողմից, որի հիմնադիրն է Ֆիլիպ Կոտլերը։ Պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի` hայկական ընկերությունների հաջողությունների մասին պատմող աշխատությունը, որը վաճառվելու է ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, հրաշալի հնարավորություն է հայկական ընկերությունների համար՝ դուրս գալու միջազգային շուկա:

Ամերիկացի մարքեթոլոգ, մարքեթինգի պրոֆեսոր և խորհրդատու, ավելի քան 80 մարքեթինգային գրքերի հեղինակ Ֆիլիպ Կոտլերը մարքեթինգի ոլորտում ամենաազդեցիկ դեմքերից է։ Այսօրվա դինամիկ զարգացող մարքեթինգային տիրույթում, որտեղ բիզնեսներն ակտիվորեն փնտրում են նորարարություն և ռազմավարական ուղղություն, պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները» աշխատությունը նորարարական գլուխգործոց է, որը ցույց է տալիս շուկայական տնտեսվարման փոխակերպող ուժն անընդհատ զարգացող աշխարհում: Կոտլերի՝ հայկական ընկերությունների հաջողությունների մասին պատմող  հերթական աշխատությունը շուտով անգլերենով կներկայացվի հայ հասարակությանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Էմմա Առաքելյանը, ով Ֆիլիպ Կոտլերի՝ հայկական ընկերությունների հաջողությունների մասին պատմող գրքի խորհրդատուների ղեկավարն է, կխոսի այն մասին, թե ինչու է «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները. Հայաստանի հրատարակություն» աշխատությունը կարևոր նախագիծ Հայաստանի և հայկական բիզնեսների համար։

Էմման կառավարման խորհրդատվության հեղինակավոր ղեկավար է, «հրեշտակ-ներդրող», հեղինակ, բանախոս, ձեռնարկատեր, բարերար և պրոֆեսոր՝ առաջնորդության ավելի քան 20 տարվա փորձով։ Նա բիզնես ռազմավարության մշակման, ՏՏ ճարտարապետության և վերափոխման, ձեռքբերումների և միաձուլումների (M&A), կառավարման ոլորտներում  առանցքային դերակատարում է ունեցել  այնպիսի բարձրակարգ ընկերություններում, ինչպիսիք են   EY-ը (Ernst & Young) և Accenture-ը։ Էմմա Առաքելյանը հարուստ փորձ ունի Fortune 500-ի ընկերություններում բիզնես վերափոխման և տեխնոլոգիական լուծումների կիրառման գործում։  Նա նաև տարբեր ստարտափերի, մշակութային կազմակերպությունների ու կրթական ծրագրերի խորհրդի անդամ է։

-Տիկին Առաքելյան, ինչպե՞ս է  «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները․ Հայաստանի հրատարակություն» աշխատությունը համաշխարհային մասշտաբով ի ցույց դնելու հայկական ընկերությունների հաջողությունների պատմությունները։ 

- «Essentials of Modern Marketing» գիրքը (Ժամանակակից մարքեթինգի հիմունքները) պարոն Ֆիլիպ Կոտլերի և Kotler Impact-ի վերջին նախագիծն է, այն համաշխարհային նախաձեռնություն է աշխարհի 50-ից ավել երկրների հետ (ներառյալ հրատարակությունները՝ Կանադայում, Իտալիայում, Լեհաստանում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Պակիստանում, Հորդանանում, Նիդեռլանդներում, Դանիայում, Լատինական Ամերիկայում, Եգիպտոսում, Թուրքիայում, Բանգլադեշում, Պորտուգալիայում/ Իսպանիայում)։

Լինելով առաջին մարքեթինգային հրապարակությունը՝ հիմնված ընկերությունների հաջողության պատմությունների հիման վրա և վաճառվելով աշխարհի հարյուրավոր երկրներում՝ սա բացառիկ հնարավորություն է ամբողջ աշխարհին պատմելու հայկական ընկերությունների նորարարական գաղափարների մասին։ Քանի որ գիրքի հիմքում պարզեցված բացատրություններն են և իրական օրինակները, այն հասանելի կլինի ինչպես ուսանողներին, այնպես էլ մասնագետներին:

Պրոֆեսոր Կոտլերը, ով հայտնի է որպես ժամանակակից մարքեթինգի հայր, լայն ճանաչում ունի իր ազդեցիկ գործերի համար, որոնք տասնամյակներ շարունակ ուսումնասիրվում են աշխարհի առաջատար բիզնես դպրոցներում։  - Ի՞նչ դերակատարում ունի Ֆիլիպ Կոտլերի «Ժամանակակից մարքեթինգի հիմունքները» գիրքը այսօրվա մարքեթինգային լանդշաֆթում։  - Գիրքը ֆունդամենտալ աղբյուր կլինի այն ուսանողների համար, ովքեր ուսումնասիրում են մարքեթինգն ու բիզնեսը։ Գրքի կարևությունը նրանում է, որ այն լինելու է մարքեթինգային ուղեցույց` հիմնված ապացուցված փաստերի վրա, ինչը թույլ կտա ընթերցողներին հասկանալու բիզնես միջավայրի դինամիկ և զարգացող բնույթը։

Գիրքը հրաշալի հնարավորություն է ընձեռում հայկական ընկերություններին դուրս գալ միջազգային շուկա, քանի որ գիրքը ավելի քան 10 հազար օրինակով վաճառվելու է ամբողջ աշխարհում։ Ցույց տալով հաջողությունների պատմությունները՝ այն մեծացնում է դրանց ներկայությունն ու հեղինակությունը՝ մոտեցնելով դրանց համաշխարհային առաջատարների հետ։ Իսկ սա իր հերթին ապահովում է երկարաժամկետ ճանաչում՝ ի տարբերություն մամուլում լույս տեսնող հպանցիկ հոդվածների։ Ի թիվս այս ամենի, լինելով կրթական աղբյուր, այն օգտակար է լինելու հայ ուսանողների համար։

- Գրքում հայկական ընկերությունների նվաճումների ցուցադրումն ու որպես կրթական ռեսուրս օգտագործումն ինչպե՞ս կնպաստի Հայաստանի ներսում նորարարություններին, ձեռներեցությանը և տնտեսական աճին։

- Ընդգծելով հայկական ընկերությունների նվաճումները՝ գիրքը խթանում է երկրի բիզնես սեկտորը՝ գրավելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հետաքրքրությունը և պոտենցիալ խթանելով օտարերկրյա ներդրումները։ Ցույց տալով հաջողված մարքեթինգային պրակտիկան՝ այն խթանում է նորարարությունն ու ձեռներեցությունը՝ նպաստելով տնտեսական աճին: Ավելին, դրա կրթական բովանդակությունը օգնում է զարգացնել որակյալ մարքեթինգային աշխատուժ:

Լավ պատրաստված մասնագետները կարևոր են բիզնեսի կայուն աճի և երկրի ընդհանուր մարդկային կապիտալի ամրապնդման համար: Գրքում ներկայացված հաջողության պատմությունները և արդյունավետ մարքեթինգային պրակտիկան նպաստում են ազգային ապրանքանիշի դրական իմիջի ձևավորմանը: Այս դրական պատկերը կարող է դուրս գալ բիզնես ոլորտի սահմաններից՝ ազդելով Հայաստանի՝ որպես նորարար և մրցունակ ձեռնարկություններ ունեցող երկրի ընկալման վրա։

Ամփոփելով՝ գիրքն անուղղակիորեն նպաստում է Հայաստանի տնտեսական զարգացմանը, ընդլայնում է միջազգային հեղինակությունը և ընկերությունների մրցունակությունը։ Ցույց տալով հաջողված մարքեթինգային պրակտիկան, խթանելով նորարարությունը և զարգացնելով բիզնես կարողությունները՝ գիրքը կարևոր դեր է խաղում Հայաստանի՝ համաշխարհային շուկայում որպես դերակատար դիրքավորելու գործում։ Հավելեմ, որ գրքում տպագրվող ընկերությունների հավաքագրման գործընթացը դեռևս շարունակվում է, և հետաքրքրված ընկերությունները կարող են լրացնել գրանցման հայտը կայքում։ Շապիկին կհայտնվեն միայն առաջին 10-15 ընկերությունների լոգոները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am