ՀՀ նախագահը և Ճապոնիայի դեսպանը քննարկել են սերտ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները

Armenpress 20:07, 22 Փետրվար, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան Ճապոնիայի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ և հաջողություններ ու բարգավաճում մաղթել Ճապոնիայի բարեկամ ժողովրդին:Ըստ աղբյուրի՝ դեսպան Յուտական շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար:«Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա սերտ համագործակցության հետագա ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:Անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, բնական աղետների դիմակայման և այլ ոլորտներում փոխգործակցության ակտիվացման ու ճապոնական լավագույն փորձի կիրառման հեռանկարներին:Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, փոխայցելությունների և խորհրդարանական դիվանագիտության զարգացման շարունակական խթանումը«,- ասվում է հաղորդագրության մեջ:Նշվում է, որ զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման կարևորության վերաբերյալ:Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը իր շնորհակալական խոսքն է հղել Ճապոնիայի կառավարությանը և իշխանություններին՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման և հիմնախնդիրները բանակցային եղանակով լուծելու հարցում Ճապոնիայի հստակ դիրքորոշման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերված մարդասիրական աջակցության համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am