ԵԽ պատգամավորը Ադրբեջանի հնարավոր հարձակումը զսպող մեխանիզմ է համարում ԵՄ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը

Armenpress 13:39, 23 Փետրվար, 2024

ԲՐՅՈՒՍԵԼ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Քրամոնի գնահատմամբ՝ Մյունխենի անվտանգության համաժողովը տագնապալի էր, հստակ է՝ առանց կոշտ անվտանգության՝ չկա խաղաղություն և կայունություն։

«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցին տված հարցազրույցում պատգամավորը մտահոգություն է հայտնել, որ ամռանն Ադրբեջանը կարող է հերթական անգամ հարձակվել Հայաստանի վրա՝ օգտվելով այն հանգամանքից, որ բոլոր «մայրաքաղաքներն ու դեսպանություններն արձակուրդում են», և դա նորից անպատիժ կմնա։

Հարցազրույցում եվրախորհրդարանականն անդրադարձել է Գերմանիայի կանցլերի՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը նախաձեռնելուն, Արևմուտքի կեցվածքին, հաջորդ շաբաթ ԵԽ լիագումար նիստի օրակարգում՝ Հայաստանի հետ կապերը սերտացնելուն, վիզայի ռեժիմի ազատականացմանը միտված նոր բանաձևի հավանականությանը։

- Տիկին ֆոն Քրամոն, դուք Մյունխենում էիք անվտանգության համաժողովի օրերին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

- Դե, կարծում եմ գաղտնիք չէ, որ այս տարվա Մյունխենի անվտանգության համաժողովը բավականին տագնապալի էր բոլորի համար։ Դժվար էր գտնել լավատեսական մտքերով մարդկանց։ Բայց սա է իրականությունը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև Բալկաններում, նույնիսկ Բալթյան երկրներում։ Իհարկե, նաև Ուկրաինայում, Գազայում և այլ վայրերում: Կարծում եմ, որ այն, ինչը մենք առնվազն կարող ենք որպես դրական զարգացում ընդունել, հետևյալն է՝ եվրոպացիները շատ ավելի միասնական են, քան անցյալում: Գրեթե բոլորը հասկացան, որ առանց կոշտ անվտանգության՝ չկա անվտանգություն, խաղաղություն և կայունություն: Եթե ունես ագրեսիվ հարևան, եթե ունես մեկը, ով կցանկանար հարձակվել քեզ վրա՝ դու պետք է պաշտպանվես: Կարծում եմ, որ դա էր համաժողովի ընդհանուր և բավականին գերիշխող թեման:

- Դուք մասնակցեցիք մի փակ քննարկման, որի ժամանակ ելույթ ունեցավ նաև Հայաստանի վարչապետը։ Ինչպե՞ս եք գնահատում նրա ելույթը և որքանո՞վ լսելի եղան  Հայաստանի մտահոգություններն իր անվտանգության վերաբերյալ։

- Նրա ելույթը և փաստարկները, կարծում եմ՝ բացարձակապես արդարացված են, լեգիտիմ և շատ կառուցվածքային: Այնպես որ, Հայաստանին քննադատելու բան չկա: Ես նույնպես նրան բացեիբաց ասացի՝ կարծում եմ, որ Հայաստանն արեց բոլոր ճիշտ քայլերը, որ խնդրել էինք մենք և մյուս գործընկերները։ Այսպիսով, եթե խոսենք արժանիքների վրա հիմնված գործընթացի մասին, ապա կարծում եմ, որ Հայաստանը ստանում է բոլոր միավորները և արժանիքները, քանի որ վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին շատ բան են արել։

Բայց, տեսնում եք, թե եվրոպացիների, Գերմանիայի համար որքան դժվար է Ուկրաինային անվտանգության իրական երաշխիքներ տալը: Առավելևս, դա այդպես է Հայաստանի դեպքում: Այնպես որ, այո՛, մենք խոսում ենք շատ գործիքների մասին: Պետք է խորհենք՝ եթե Ալիևը որոշի հուլիսին, օգոստոսին հարձակվել, երբ բոլորն արձակուրդում են, բոլոր մայրաքաղաքները և դեսպանատները դատարկ են, եթե նա միջանցքը վերցնի և միանա (Նախիջևանի հետ – խմբ.), ի՞նչ ենք անելու: Ես կասկածում եմ, թե Ալիևի համար իրական սպառնալիք կլինի։ Ադրբեջանի արածի նկատմամբ շոշափելի արձագանք չի լինի, այդպես եմ տեսնում։ Մտահոգությունը, որ Ալիևը կարող է միավորվել Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և նրանց հետ, ովքեր տարածաշրջանում են՝ շատ մեծ է։ Ադրբեջանի դեմ իրական ռազմավարություն մշակելու փոխարեն մենք ակտիվացնում ենք հարաբերությունները: Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ նաև Թուրքիային չի կարող ձեռնտու լինել այն, որ Ադրբեջանն այդքան գերիշխող է։

- Համաժողովի ընթացքում ձեր երկրի՝ Գերմանիայի նախաձեռնությամբ հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը։ Ո՞րն էր այս հանդիպման հիմնական քննարկումն ու արդյունքը, և ինչո՞ւ էր կանցլերի համար կարևոր նման նախաձեռնություն ցուցաբերելը:

- Ես չեմ խոսել կանցլերի կամ նրա կողքին գտնվող որևէ մեկի հետ։ Բայց կարող եմ ենթադրել, որ նրանք կցանկանային խուսափել, որ ԵՄ-ն դիտվի որպես միայն Հայաստանի գործընկեր, ընկալվի, որ ԵՄ-ն ամբողջությամբ Հայաստանի կողքին է և միայն Հայաստանին է աջակցում։ Գաղափարը դեռևս պետք է դիտարկել որպես կայուն խաղաղության, խաղաղության համաձայնագրին օժանդակող գաղափար. մեզ ձեռնտու է նաև համագործակցել Ալիևի հետ, որպեսզի համոզվենք, որ նա մեջքով չի շրջվի մեզ: Դեռ հույս ենք դնում այս շատ կառուցողական մոտեցման վրա: Առանց բարձր անվտանգության և առանց համոզվելու, որ կարմիր գիծ է լինելու, պատժամիջոցներ են լինելու, ես չեմ կարծում, որ Ալիևը կփոխի իր ուղղությունը։

- Ժոզեպ Բորելի վերջին հայտարարությունները շատ խիստ էին: Նա հայտարարեց, որ ԵՄ-ն կարմիր գծեր ունի և դրանք Հայաստանի ինքնիշխան տարածքն են և նրա սահմանները, եթե Ադրբեջանը չհարգի, դա կբերի ծանր հետևանքների։ Սակայն, մինչ բոլորն անհամբեր սպասում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, Ադրբեջանը շարունակում է զինվել, շարունակում է սպանել հայ զինվորներին՝ ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայված լինելով։ Արևմուտքը տեսնո՞ւմ է այս ամենը։ Ի՞նչ բացատրություն ունեք։

- Դե, ճիշտն ասած, բացատրություն չկա: Նաև իմ ամենամեծ մտահոգությունն է այն, որ մինչև այժմ 2020-ին, նաև՝ 2023-ին որևէ հետևանք չի եղել:  ինչպես ասացիք, անցյալ շաբաթ զինվորների սպանությունը նույնպես որևէ հետևանք չի ունեցել: Բորելի խոսքերը շատ մակերեսային են, չեմ կարծում, որ դրան կհետևեն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները, քաղաքական մեկուսացում կլինի, կդադարեցնենք Ադրբեջանի գազը գնել կամ այդ ուղղությամբ պատժամիջոցներ կիրառել: Մինչև այժմ որևէ մեկի կողմից նման բան չի արվել, միգուցե փոխե՞ն ուղին, չգիտեմ…

- Հայաստանը, թեև չի հրաժարվում երկկողմ բանակցություններից, բայց գերադասում է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններն ընթանան և խաղաղության պայմանագիրը ստորագրվի ինչ-որ միջազգային հովանու ներքո, որպեսզի դրանք ավելի մեծ կշիռ ունենան։ Արդյոք ԵՄ-ն և/կամ Գերմանիան պատրա՞ստ են ստանձնել նման պատասխանատվություն:

- Ես իսկապես կցանկանայի կարողանալ Ձեզ դրական պատասխան տալ, բայց իմ մտահոգությունն առայժմ կախված  է... Կա մեծ քաղաքական կամք, և դուք տեսնում եք, որ մենք ուժեղացրել ենք քաղաքացիական առաքելությունը, որպեսզի իսկապես փորձենք բացել մեկ այլ մոնիտորինգ: Մենք օգնում ենք տնտեսության հարցում, ավելի շատ օգնում ենք փախստականներին, և դա հիանալի է։ Այնպես որ, ներգրավվածությունը շատ է, պետք չէ թերագնահատել և չնկատել, թե դա ինչ է նշանակում այս պահին երկրի կայունացման համար։ Հաջորդ շաբաթ նախատեսվող Եվրախորհրդարանի լիագումար նիստին առաջ ենք քաշելու բանաձև, ըստ որի մենք առաջ ենք մղելու Հայաստանի հետ ինստիտուցիոնալ կապերը,  վիզաների ազատականացման ծրագիրը: Մենք իսկապես կցանկանայինք Հայաստանին ինչ-որ պահի տեսնել Եվրամիության մաս։ Այսպիսով, եթե գոնե առաջ գնանք մուտքի արտոնագրերի կամ ազատականացման գործողությունների ծրագրով, սա շոշափելի բան կլինի մարդկանց համար, ինչպես նաև առևտրի և մեր շուկաների ազատականացման առումով:

Հարցական է մնում միայն այն, թե Ալիևի հնարավոր հերթական հարձակման դեպքում իրական պատժամիջոցներ կկիրառվե՞ն, թե ոչ: Այդ հարցում ես դեռ կասկածներն ունեմ։

- Դուք խոսեցիք Եվրախորհրդարանի բանաձևի և վիզաների ազատականացման գործընթացի մասին, ինչին սպասում է հայ հասարակությունը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ԵՄ-Հայաստան Գործընկերության խորհրդի նիստից հետո հայտարարեց, որ հայկական կողմն արել է ամեն ինչ՝ վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունները սկսելու համար։ Արդյոք խոչընդոտներ կան այս բանակցությունները սկսելու համար, և առաջիկայում ինչ-որ զարգացումներ կլինե՞ն։

- Ես կասեի, որ Եվրախորհրդարանը չէ, որ Հայաստանի համար վիզաների ազատականացման գործընթացն արգելափակելու է, կամ՝արգելափակել է մինչ այժմ։ Բայց, ցավոք, խնդիրը Եվրոպական խորհրդում է։ Իհարկե, ձեր երկրի դեսպանները, ձեր դիվանագետները պետք է աշխատեն որոշ անդամ պետությունների ուղղությամբ: Չեմ ուզում այդ երկրների անունները տալ այստեղ, բայց այդ արգելափակումը հաստատ չի լինի խորհրդարանում եվրոպացի քաղաքական գործիչների բարի կամքի բացակայությունը։

Լիլիթ Գասպարյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am