Գյումրիում հացի  արտադրամասի գործունեություն է կասեցվել

Armenpress 19:16, 14 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Ա․ Ս․ Լուսնիկ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք․ Գյումրի):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ հացի արտադրամասը գործում էր սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։

«Մասնավորապես՝

- արտադրամասի հատակի սալիկները որոշ հատվածներում կոտրված են եղել կամ բացակայել են,

- առաստաղը, դռները գտնվել են ոչ նորոգ վիճակում, հարթ չեն եղել և առկա է մասնիկների թափվելու հնարավորություն,

- չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարան՝ տաք և սառը ջրով, ձեռքերը սրբելու և /կամ չորացնելու համար նախատեսված սարքերով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am