Մ-4-Սեմյոնովկա ավտոճանապարհի վթարված կամրջի փոխարեն կառուցվում է միաթռիչք նոր կամուրջ

Armenpress 16:56, 15 Մարտ, 2024

ԳԱՎԱՌ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի սկզբնամասում արդեն սկսվել և ընթանում են Մ-4-Սեմյոնովկա հանրապետական նշանակության ավտոճանապարհն իրար կապող վթարված կամրջի քանդման ու միաթռիչք կամրջի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, կամրջի կառուցման աշխատանքների պատվիրատուն ՀՀ ՏԿԵ նախարարությունն է, կապալառու կազմակերպությունը՝ «Ծովագյուղի ՃՃՇ» ՍՊԸ-ն։ 

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 328,7 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետական միջոցներից։ 

Ծրագրով նախատեսված է հին, վթարված կամրջի ամբողջական քանդում ու միաթռիչք նոր կամրջի կառուցում՝ 32 մետր երկարությամբ։ Կիրականացվեն նաև ջրամեկուսացման աշխատանքներ, կտեղադրվեն անվահրիչները եւ մետաղական ճաղաշարը, երթևեկելի մասում կկառուցվի երկշերտ ասֆալտբետոնյա ծածկ։

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2024 թվականի ընթացքում։  

Խոսրով խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am