Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Armenpress 14:12, 28 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և  ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին տեղեկացրեց Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը՝ մանրամասներ ներկայացնելով Բրյուսելում Վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ։

Ըստ Կարապետյանի՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը 11-րդ լիագումար նիստում ընդունած բանաձևով  կոչ է անում Եվրոպական Միությանը և անդամ պետություններին ուղղակի բյուջետային աջակցության և միջազգային կազմակերպությունների միջոցով մեծացնել Հայաստանին տրամադրվող անհրաժեշտ մարդասիրական և  ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am