«Մայր» գաղափարն ու երևույթը մարդկության համար անսահման սիրո, անձնվիրության ու բարության մարմնացումն են. ՀՀ նախագահի ուղերձը

Armenpress 12:12, 7 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի, Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

«Սիրելի կանայք,Սիրելի մայրեր,

Սրտանց շնորհավորում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման և Մայրության ու գեղեցկության տոների առթիվ: Այս երկու տոնի խորհուրդն ինքնին մարդկայինի ու աստվածայինի մեկտեղումն է և ինչպես Աստվածամոր, այնպես էլ յուրաքանչյուր կնոջ մայրությունն աստվածային ու նոր կյանքի արարման հրաշք է: «Մայր» գաղափարն ու երևույթը մարդկության համար անսահման սիրո, անձնվիրության ու բարության մարմնացումն են:

Սիրելի կանայք, մայրեր, քույրեր ու դուստրեր, անգնահատելի և անչափելի է ձեր դերը մեր կյանքում և այս գեղեցիկ օրվա առթիվ կրկին շնորհավորում եմ ձեզ և ի սրտե մաղթում քաջառողջություն, անսպառ սեր, մայրության բերկրանք ու ամենայն բարիք»,- ասվում է ՀՀ նախագահի ուղերձում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am