«Ռատատույ» ներկայացումը համալրել է Վանաձորի թատրոնի խաղացանկը

Armenpress 12:22, 12 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում օրերս տեղի է ունեցել Բրեդ Բյորդի սցենարի վրա հիմնված «Ռատատույ» ներկայացման պրեմիերան:

Այն արժանացել է ինչպես կրտսեր, այնպես էլ հասուն հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման ստեղծագործական կազմը կարծում է՝ գունեղ և հետաքրքիր բեմադրություն է, որը երկար է մնալու Վանաձորի թատրոնի խաղացանկում:

Գլխավոր հերոսի՝ Ռեմիի կերպարը մարմնավորել է դերասան Էդգար Բարսեղյանը: Նրա խոսքով՝ Ռեմին երազկոտ, մաքրասեր առնետ է, որ ծնված օրից անհաշտ է իր ապրելակերպի հետ ու մտածում է՝  մարդկանց աշխարհում ամեն ինչ այլ է: Կարծում է՝ նրանք ունեն մաքուր սնունդ և տաք անկողին, սակայն չգիտի, թե ինչու են մարդիկ իրար առնետ անվանում:

Ռեժիսոր Ժիրայր Գաբրիելյանը «Ռատատույ» ներկայացման շուրջ աշխատել է մեծ թիմի օգնությամբ, որոնք ամեն ինչ արել են ուշագրավ ներկայացում ստանալու համար: Գունեղ ու հետաքրքիր լինելուց բացի բեմադրությունը կարևոր ուղերձներ ունի, որոնք կարող են դաստիարակչական ազդեցություն ունենալ երեխաների վրա: Ամբողջ ներկայացումը հագեցած է գեղեցիկ ու հետաքրքիր տեխնիկական հնարքներով, որոնք զարմացնում են հանդիսատեսին։

Բեմականացման հեղինակներն են Արմինե Բոյաջյանն ու Նարեկ Մանուչարյանը, բեմանկարչության և զգեստների հեղինակը Լիլիթ Մխիթարյանն է, երաժշտական ձևավորումների և տեխնիկական հնարքների պատասխանատուն՝ Հրանտ Վարդումյանը, լույսի նկարիչներն են Դավիթ Գալստյանն ու Աշոտ Գևորգյանը, դեկորատորն և բուտաֆորիստը՝ Տիգրան Աբգարյանն ու Անահիտ Գևորգյանը։

Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի երիտասարդ դերասանները, աշակերտներ և ուսանողներ հանրակրթական դպրոցներից և կրթական այլ հաստատություններից:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am