Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրընկալվել է Գավառի հանդիսատեսներին

Armenpress 11:03, 15 Ապրիլ, 2024

ԳԱՎԱՌ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում ապրիլի 14-ին հերթական՝ յոթերորդ ներկայացումն է բեմադրվել Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, այս անգամ մարզի թատերասերները  հյուրընկալել են Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններին, որոնք բեմադրել են կոլումբիացի վիպագիր, սցենարիստ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքեր» լիրիկական ֆանտաստիկ ներկայացումը։ Բեմադրության հեղինակը  Ռաֆայել Ասատրյանն է։

Հերթական ներկայացումն այս անգամ դիտելու հնարավորություն են ունեցել Գեղարքունիքի մարզի միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ և դասախոսներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նախաձեռնությանն աջակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

«Թատերական երկամսյակը» Գեղարքունիքում նախատեսված է ավարտել  2024 թվականի ապրիլի վերջին։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am