Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրենքը

Armenpress 15:24, 17 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ-Վրաստան»-ը։

Փաստաթղթին կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք։ Քվեարկությունն անցել է առանց ընդդիմության մասնակցության։

Օրենքը պարտավորեցնում է արտերկրից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել հատուկ ռեեստրում և լրացնել տարեկան հայտարարագրերը:

Աղմկահարույց օրինագիծն առաջացրել է Վրաստանի ընդդիմության և հասարակական կազմակերպությունների դժգոհությունը։ Ընդդիմադիրները պնդում են, որ դա Ռուսաստանի կողմից պարտադրված օրենք է։ Օրենքին դեմ է արտահայտվել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ նշելով, որ Վրաստանը չի համակերպվի Վրաստանի կրկնակի խորհրդայնացման հետ։ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ԵՄ առանձին երկրներ, ՆԱՏՕ-ն ու Եվրոպայի խորհուրդը Վրաստանի իշխանություններին կոչ էին արել զերծ մնալ օրենքն ընդունելուց։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ապրիլի 16-ին հայտարարել էր, որ Վրաստանը Եվրոպային մոտենալու պատրաստակամություն էր հայտնել, և ԵՄ-ն այդ երկրին թեկնածուի կարգավիճակ էր տվել, սակայն շեշտել էր, որ այդ օրինագծի ընդունման դեպքում Վրաստանը ոչ թե կմոտենա Եվրոպային, այլ կհեռանա։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am