ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Արարատում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Armenpress 21:13, 18 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Արարատի մարզի Արարատ քաղաքում շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից, հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ստեղծում են հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության ուղղակի սպառնալիք են։

Ըստ աղբյուրի՝ հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու որոշում է կայացրել։

Նշվում է, որ տեսչական մարմնի և Արարատ համայնքի համագործակցության արդյունքում համայնքային հողամասի վրա ինքնակամ կառուցված վերոնշյալ բենզալցակայանն ապամոնտաժվել է։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am