Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկրի դոկտրիններից ոչ մեկը չի ենթադրում միջուկային զենքի ստեղծում

Armenpress 15:37, 22 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության դոկտրիններից ոչ մեկը չի ենթարկվել վերանայման և նախկինի նման չի ենթադրում միջուկային զենքի ստեղծում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական  ներկայացուցիչ Նասեր Քանաանին մամուլի ասուլիսի ժամանակ։

«Իրանի Իսլամական Հանրապետության ո՛չ ռազմական, ո՛չ էլ պաշտպանական դոկտրինում խոսք չկա միջուկային զենքի մասին: Մենք արդեն բազմիցս հնչեցրել ենք Իրանի դիրքորոշումն այդ հարցի շուրջ, այդ դոկտրիններում վերափոխումներ չեն կատարվել», - Քանաանիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ իր երկիրն «իրավունք ունի միջուկային էներգիան օգտագործելու խաղաղ նպատակներով և երկար տարիներ գործել է միջազգային կանոններին համապատասխան»։

«Այս առնչությամբ խաղաղ ատոմի զարգացմանն ուղղված մեր գործունեությունը շարունակվում է և կշարունակվի», - հավելել է նա։

Ապրիլի 18-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Ահմադ Հաքթալաբը նշել էր Թեհրանի պատրաստակամությունը՝ վերանայելու իր միջուկային դոկտրինն այն դեպքում, եթե Իսրայելը սպառնա հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am