Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում քննարկվել են արդի գրադարանների խնդիրները

Armenpress 17:18, 23 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ շաբաթ շարունակ Երևանի, մարզային, համայնքային, մասնագիտական, բուհական գրադարանները հագեցած են եղել գրադարանային գործին առնչվող, կրթամշակութային բազմաբնույթ միջոցառումներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, նշելով, որ Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ Հայաստանում այս օրերին անցկացված «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը կրում էր «Գրադարանը նորարարության հարթակ» խորագիրը։

«Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակում կազմակերպվել են գրքերի քննարկումներ, շնորհանդեսներ, հանդիպումներ հրատարակչությունների ներկայացուցիչների հետ, դասախոսություններ, վերապատրաստումներ գրադարանավարների համար, փոխայցելություններ ու շրջայցեր հանրապետության գրադարաններ՝ փորձի փոխանակման ու նորարար լուծումները միմյանց հետ կիսելու նպատակով:

Ծրագրի շրջանակում տարբեր հարթակներում քննարկվել են արդի գրադարանների խնդիրները, զարգացման հեռանկարները, նոր տեխնոլոգիաների ու նորարարությունների կիրառման կարևորությունը։ Այս համատեքստում ընդգծվել են գրադարանների դերակատարությունը ժամանակակից ընթերցողի պահանջների բավարարման, ինչպես նաև երիտասարդ սերնդի կրթության նպաստմանը միտված հնարավոր ուղիները։

Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ այս ծրագիրն անցկացվում է 2002 թվականից: Այն նպատակ ունի հանրայնացնել գրադարանների ու ընթերցանության դերն ու կարևորությունը հանրության զարգացման ու կրթական մակարդակի բարելավման տեսանկյունից:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am