Գեղարքունիքի ֆուտզալի մարզային առաջնության եզրափակիչ փուլը կկայանա «Քաղաքացու օրվա» միջոցառումների շրջանակում

Armenpress 21:02, 23 Ապրիլ, 2024

ԳԱՎԱՌ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավարտվել է ֆուտզալի Գեղարքունիքի մարզային առաջնության կիսաեզրափակիչ փուլը՝ ի հայտ բերելով եզրափակչի, ինչպես նաեւ 3-րդ տեղի համար պայքարող թիմերին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում  միմյանց  հետ մրցել են Մարտունու համայնքապետարանի և ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի թիմերը։ Համառ պայքարում 3-2 հաշվով հաղթել է Մարտունու համայնքապետարանի թիմը և դուրս եկել եզրափակիչ։ Կիսաեզրափակչի երկրորդ խաղում միմյանց հետ մրցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության  և փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչությունների թիմերը։ Համառ ու անզիջում պայքարում 4-2 հաշվով հաղթել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության  Գեղարքունիքի մարզային վարչության թիմը։

Այսպիսով, ապրիլի 27-ին, «ՀՀ Քաղաքացու օրվա» միջոցառումների շրջանակում առաջնության հաղթողի կոչումը կվիճարկեն ՀՀ ՆԳՆ ոստիկանության եւ Մարտունու համայնքապետարանի թիմերը։ 3-րդ տեղի համար կպայքարեն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության և ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի թիմերը։  3-րդ տեղի համար խաղը կկայանա ապրիլի 26-ին։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am