Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը

Armenpress 17:27, 24 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ։

«Այսօր՝ Հայոց ցեղասպանության Հիշատակի օրը մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին։ Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը և հիշում այն տրավման, որը շատերը շարունակում են կրել։

Քսան տարի առաջ Կանադայի կառավարությունը միացավ միջազգային հանրության անդամներին՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանության պատմական և ողբերգական իրողությունը: Այս ճանաչումը խորը նշանակություն ունի շատ կանադացիների, մասնավորապես կանադահայերի համար։  Միասին մենք կապահովենք, որ տուժածների պատմությունը երբեք չմոռացվի։

Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս, այն մեզ հիշեցնում է անտարբերության հետևանքների մասին։ Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Մենք պետք է կանգնենք ընդդեմ ատելության՝ ի պաշտպանություն բազմազանության, ներառականության և մարդու իրավունքների. դա է մեր ընդհանուր, հավաքական պատասխանատվությունը:

Հայոց ցեղասպանության Հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է»,- ասվում է Թրյուդոյի հղած ուղերձում։ Նա կոչ է արել բոլոր կանադացիներին հետաքրքրվել և իմանալ այն իրադարձությունների մասին, որոնք այդքան զոհերի պատճառ դարձան։ «Եկեք կառուցենք հասարակություն, որտեղ ամեն մեկն իրեն ապահով կզգա խտրականությունից և բռնությունից»,- եզրափակել է ուղերձը Թրյուդոն։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am