Սահմանազատված սահման ունենալն էականորեն նվազեցնում է էսկալացիայի ռիսկը. պատգամավոր

Armenpress 14:57, 30 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև անգամ խաղաղության պայմանագրի կնքումից հետո որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ 100 տոկոսով ավելի ինչ լավ է լինելու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«Անգամ խաղաղության պայմանագրից հետո չկա որևէ սուբյեկտ, որ կարող է դուրս գալ և ասել, որ 100 տոկոսով ամեն ինչ շատ լավ է լինելու: Մենք ասում ենք, որ կան ռիսկեր, գործընթացներ, որոնց միջով անցնում ենք: Սահմանազատված սահման ունենալն էականորեն նվազեցնում է էսկալացիայի ռիսկը: Դրա ամենավառ ապացույցը Սյունիքում՝ Որոտանի հատվածում գտնվող սահմանապահներն են»,–ասաց Հովհաննիսյանը:

Պատգամավորը վստահեցրեց՝ իշխանությունը փորձում է հնարավորինս նվազեցնել էսկալացիոն ռիսկերը:

«Մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, մենք չգիտենք, թե իրենց մտքում որ պահին ինչ կարող է գալ. ուժի կիրառման կարող են անցնել, կարող են լինել ռազմատենչ հայտարարություններ»,- նշեց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am