ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել ռուսաստանյան 30-ից ավելի ՏՏ ընկերություններ

Armenpress 12:10, 2 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Astra Group ՀԲԸ-ն (հանրային բաժնետիրական ընկերություն), IBS խմբի մի շարք ընկերություններ և շուրջ 30 ռուսական ՏՏ ընկերություններ ընդգրկվել են իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցների ցուցակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Այդ ընկերություններին պատժամիջոցների ցուցակներում ընդգրկելու համար որպես հիմք նշվել է նրանց աշխատանքը Ռուսաստանի տնտեսության տեխնոլոգիական հատվածում։

Մի շարք դեպքերում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հակիրճ բացատրում է, թե հատկապես ինչպիսի աշխատանքի համար են այդ ՏՏ ընկերությունները ներառվել համապատասխան ցանկում։ Այսպես, Astra Group-ի դեպքում որպես պատճառ է նշվում նրա մասնակցությունն օպերացիոն համակարգ մշակող ընկերությունում, որի վրա «հենվում են ռուսական պաշտպանական արդյունաբերությունը և զինված ուժերը»:

Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ Astra Group-ն ինքը կարծում է, որ իր դեմ սահմանված պատժամիջոցները որևէ կերպ չեն ազդի խմբի բիզնեսի վրա։

Պատժամիջոցների ցանկում նաև ընդգրկվել է IBS ընկերությունների խումբը, որն ավելի վաղ ճանաչվել էր ՏՏ ընկերությունների թվում լիստինգի հաջորդ թեկնածուներից մեկը, որոնց բաժնետոմսերը մեծ պահանջարկ ունեն մանրածախ ներդրողների շրջանում:

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ պատժամիջոցների նոր ցուցակում, բացի ՏՏ ընկերություններից, հայտնվել են մոտավորապես 300 ընկերություններ։ Նոր պատժամիջոցներն ուղղված են «Ռուսաստանի ռազմաարդյունաբերական բազայի և քիմիական և կենսաբանական զենքի ծրագրերի դեմ, ինչպես նաև երրորդ երկրների ընկերությունների և անհատների դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին ձեռք բերել առանցքային միջոցներ զենքի կամ պաշտպանության հետ կապված արտադրության համար»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am