Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով

Armenpress 11:32, 3 Մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի հարավի Ռիու Գրանդի դու Սուլի նահանգում հեղեղումների հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել, 60-ը համարվում է անհետ կորած։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է CNN Brasil հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգի իշխանություններին։

Վատ եղանակից տուժել են նահանգի 50 մունիցիպալիտետներ, որտեղ ապրում է մոտ 10 միլիոն բնակիչ։ Առնվազն 10 000 մարդ ստիպված է եղել լքել տները, որովհետև անձրևները շարունակվում են։ Ավելի քան 500 000 տուն մնացել է առանց ջրամատակարարման, ավելի քան 300 000-ն՝ առանց էլեկտրականության։

Բրազիլիայի զինված ուժերը 8 ինքնաթիռ և մոտ 600 զինվոր են ուղարկել Ռիու Գրանդի դու Սուլ՝ տուժածներին օգնելու համար։

Մայիսի 2-ին Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ժամանել է Սանտա Մարիայի մունիցիպալիտետ, որտեղ հանդիպել է Ռիու Գրանդի դու Սուլի նահանգապետ Էդուարդու Լեյտեի հետ։ Սակայն վատ եղանակի պատճառով իշխանություններին չի հաջողվել դիտել տարածաշրջանը:

Անձրևները Բրազիլիայի հարավում սկսվել են ապրիլի 29-ին։ Լեյտեն մայիսի 1-ին արտակարգ դրություն է հայտարարել հեղեղումների հասցրած վնասների պատճառով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am