ԼՂՀ ՊԲ հատուկ ստորաբաժանումները տարհանել են խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ հատուկ ստորաբաժանումների իրականացրած օպերացիայի արդյունքում տարհանվել են Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարում է Արցախի Հանրապետության ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը: «Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել»:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը` 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ24 ուղղաթիռը: Հակառակորդը մի քանի շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ` չանսալով միջազգային հանրության կոչերին` դադարեցնել կրակը մարմինների դուրսբերման հնարավորություն տալով: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:
- ԲՏԱ նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման
հուշագիր է ստորագրվել
- ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախաձեռնություն չկա․ Արման Եղոյան
- Նշվել է Հայ-ռուսական համալսարանի օրը. այս տարի բուհ են ընդունվել
ռեկորդային թվով ուսանողներ
- Հայաստանն ու Հնդկաստանը փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք
ոլորտներում, Արմեն Սարգսյանն ընդունել է Կիշան Դան Դևալին
- Ադրբեջանի իշխանությունները քաղաքականացնում են գերիների վերադարձը. ՀՀ
ՄԻՊ-ը՝ Կոլումբիայի համալսարանի քննարկմանը