Քըլըչդարօղլուն քիչ հավանական է համարում իշխող կուսակցության հետ համագործակցությունը

Armenpress 11:19, 25 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հերթական հայտարարությունն է արել՝ կապված կոալիցիոն կառավարություն կազմելու հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք մեջլիսի խոսնակի պաշտոնում քեմալական կուսակցության կողմից Դենիզ Բայկալի առաջադրումը կարող է ՀԺԿ-ի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) միջև համագործակցության ազդանշան լինել: Սրան ի պատասխան՝ Քըլըչդարօղլուն հավաստիացրել է, որ իր թեկնածուի առաջադրումը որևէ կապ չունի ՀԺԿ-ԱԶԿ կոալիցիա կազմելու հավանականության հետ: «Անձամբ ես շատ քիչ եմ համարում հավանականությունը նման համագործակցության»,- նշել է ՀԺԿ առաջնորդը:

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո, երբ պարզ դարձավ, որ իշխող ԱԶԿ-ն մեջլիսում միակուսակցական կառավարություն կազմել չի կարող, տեղի ունեցավ անակնկալ հանդիպում նախագահ Ռեջեփ Թայիրփ Էրդողանի և ՀԺԿ նախկին ղեկավար, Անթալիայից ընտրված պատգամավոր Դենիզ Բայկալի միջև: Շատերն այս հանդիպումը որակեցին որպես ԱԶԿ-ՀԺԿ հնարավոր կոալիցիա կազմելու առաջին քայլ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am