Արեւմուտքի պատժամիջոցների վախից Ալիեւն իր վարկանիշի վերաբերյալ կեղծ հարցում է անցկացրել

Armenpress 22:18, 25 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմուտքն այլեւս վստահելի գործընկեր չի համարում երկար տարիներ նավթի ու գազի եկամուտների հաշվին մեծամտացած Ադրբեջանի ներկայիս իշխանություններին: Արդեն Բաքվում էլ են հասկացել, որ այլեւս հնարավոր չէ թաքցնել իրողությունը, եւ մինչ այժմ հնչեցված ստերին ճշմարտության քող հագցնել: Հատկապես, Եվրոպական խաղերի շրջանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ արեւմտյան երկրները ոչ միայն չեն կարեւորում ադրբեջանական իշխանության հետ համագործակցությունը, այլ անգամ բոյկոտում են այն: Իշխանական մամուլի եւ հեռուստաալիքների քարոզչական թեզիսները եւս հաստատում են, որ աշխարհը երես է թեքել Ալիեւի իշխանությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ը մեկնաբանել է ներկայում Ադրբեջանում ստեղծված իրավիճակը` միաժամանակ նշելով, որ նման իրավիճակում Ադրբեջանի իշխանության անհանգստությունը, որը նա այլեւս չի կարողանում քողարկել, հասկանալի է, քանի որ արդեն մերկացվում է նաեւ իշխանության արտաքին քաղաքականությունը եւ բացահայտվում «նմանը չունեցող զարգացում՚ ունենալու մասին ադրբեջանական իշխանության հեքիաթը»: 

Թերթը գրում է, որ որպես ելք անգամ «ծղոտից» կպչած Ալիեւի իշխանությունը սեփական վարկանիշը երկրի ներսում դեռեւս «բարձր» լինելը Արեւմուտքի աչքում «հաստատելու» նպատակով իշխանամետ «Rəy» մոնիթորինգային կենտրոնի միջոցով հարցում է անցկացրել: Այդ արդյունքների համաձայն` եթե Ադրբեջանում առաջիկա կիրակի նախագահական ընտրություններ անցկացվեն, ապա մասնակիցների 87,3 տոկոսը կքվեարկեն Իլհամ Ալիեւի օգտին: «Զարմանալին ոչ թե հարցման արդյունքներն են, քանի որ բոլորին է հայտնի, թե ինչպես են անցկացվում հասարակական հարցումներն Ադրբեջանում, որոնցում Ալիեւը մշտապես 90 տոկոս առավելություն է ունենում, այլ այն, թե ինչ կարիք կար նման հարցում անցկացնել նախագահական ընտրություններին դեռեւս 3 տարի ժամկետ մնալու պարագայում»,- հարցնում է թերթը, եւ ինքն էլ պատասխանում, թե պարզվում է, որ դա բխում է Իլհամ Ալիեւի եւ իր թիմի վախից:

Թերթը ադրբեջանական իշխանության վախը մեկնաբանում է այն բանով, որ արդեն բացահայտ կերպով ասվում է Իլհամ Ալիեւի միջազգային հենարանները կորցնելու մասին: Ալիեւը հասկացել է, որ ստեղծված իրավիճակը հնրավոր չի լինելու փոխել ոչ խավիարով, ոչ էլ էներգետիկ շանտաժով: Նա նաեւ հասկանում է, որ միջազգային ճնշումներն ավելի բացահայտ են դառնալու եւ իր իշխանության վրա գիծ է քաշվելու: «Հենց այդ պատճառով էլ հարցումներ են անցկացնում եւ աշխատում աշխարհին «ժողովուրդն ինձ սիրում է» ուղերձ հղել: Ալիեւը նվազագույնը ցանկանում է հասնել այն բանին, որպեսզի Արեւմուտքն ընդմիջում տա իր իշխանության դեմ ճնշումներին եւ իրավիճակն անհուսալի չլինելու ընկալում ձեւավորվի: Հարցումների 87 տոկոս արդյունքով ցանկանում են ցույց տալ, որ ներսում իրավիճակը լավ է, եւ չնայած բոլոր դժվարություններին, ժողովուրդը աջակցում է նախագահին: Սակայն, թե ներսում, թե դրսում լավ էլ տեսնում են, որ բնակչության սոցիալական վիճակը գնալով խիստ ծանրանում է, արտարժությի պաշարը նվազում է եւ իշխանությունը չի ցանկանում գնալ բարեփոխումների: Իշխանությունը հիսթերիայի մեջ է, եւ Իլհամ Ալիեւը հասկանում է, որ խիստ վտանգ է առաջացել իր աթոռի համար: Պատկերացնու՞մ եք՝ Եվրոպական խաղեր անցկացնող երկրի նախագահը Եվրոպայի առաջ հանդես է գալիս հարցումների 87 տոկոս արդյունքով: Ո՞ր քաղաքակիրթ երկրում է հնարավոր նման բան: Եվրոպայի ամենահարուստ երկրում անգամ իշխանությունները չեն կարողանում 60 տոկոսից ավելի վստահության քվե ստանալ: Միանգամայն պարզ է, որ հարցման 87 տոկոս արդյունքը եւս խոսում է ավտորիտար կառավարման առկայության մասին: Մի խոսքով, Ալիեւը ցանկանում է իր վախը թաքցնել հասարակական կարծիքի հարցման հետեւում», - ամփոփում է «Ազադլիգ»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am