ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գագիկ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ

Armenpress 12:50, 29 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գագիկ Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: Այս մասին  «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: «Խոր ցավով տեղեկացա «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ եւ վարող, «Շախմատային Հայաստան» հանդեսի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանի մահվան մասին:

Գագիկ Հովհաննիսյանի շախմատային հանրամատչելի հաղորդումները, վերլուծություններն ու մեկնաբանություններն իսկական դասընթացներ էին շախմատասերների«ինչպես նաեւ ապագա լրագրողների համար, որոնց նա երկար տարիներ դասավանդում էր Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Նա հայկական շախմատի նորագույն պատմության անբաժանելի վկան ու տարեգիրն էր, շախմատի Հայաստանի հավաքականների հաղթանակների մշտական ուղեկիցը, ով կարողանում էր իր հագեցած ռեպորտաժներով այդ հաղթանակների ողջ բերկրանքը լիարժեք փոխանցել մարզասերներին:

Կորստի այս ծանր պահին անկեղծորեն ցավակցում ու մխիթարության խոսքերս եմ ուղղում Գագիկ Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին եւ կիսում նրանց վիշտը»,-ասված է ԱԺ նախագահի ուղերձում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am