Իրաքյան ուժերը Սալահ ադ Դին նահանգում ահաբեկիչներից մի քանի շրջաններ են ազատագրել

Armenpress 20:55, 29 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Սալահ ադ Դին նահանգի Բայջի շրջանում հունիսի 29-ին ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է «Իսլամական պետության» ոստիկանության պետը և օգնականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, իրաքյան տեղեկատվական աղբյուրների տեղեկացմամբ՝ իրաքյան միասնական ուժերն առաջընթաց են գրանցել Բայջիի նավթավերամշակման գործարանի շրջանում և վերահսկողություն են հաստատել գործարանի արևմուտքում գտնվող Թել Աբու ճանապարհի վրա: Իրաքյան միասնական ուժերը կարողացել են ազատագրել Բայջիի Մալիհա, Հարիջիա շրջանները, ինչպես նաև վնասազերծել են 12 պայթուցիկ սարքավորումներ և որոշ ականապատ տներ:

«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակերպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրի ապստամբներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am