Գլենդեյլահայերը ուշադրությամբ հետևում են ՀՀ պաշտպանական ոլորտի իրադարձություններին

Armenpress 19:56, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 30-ին ընդունել է ԱՄՆ Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանին և նրա տիկնոջը՝ Պալմիրա Նաջարյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում երկուստեք նշվել է համագործակցության համար լավ նախադրյալների առկայությունը և այս ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը:

Արա Նաջարյանը պատմել է Գլենդեյլի հայկական համայնքի մասին նշելով, որ Գլենդեյլի հայերը հարգված մասնագետներ են` փաստաբաններ, բժիշկներ, գործարարներ և այլն: Հայազգի քաղաքապետը նախարարին վստահեցրել է, որ ամուր են պահում կապը մայր հայրենիքի հետ, հատկապես  ուշադրությամբ հետևում են պաշտպանական ոլորտին ու զինված ուժերին առնչվող իրադարձություններին:

 

Նույն օրը նախարար Օհանյանն ընդունել է նաև «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հրավերով Երևան ժամանած ամերիկահայ բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին: Շնորհակալություն հայտնելով բարերարներին հայրենանվեր գործունեություն իրականացնելու համար, պաշտպանական գերատեսչության ղեկավարը Վարդգես Նաջարյանին պարգևատրել է «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով: Նաջարյան ընտանիքի անդամները փաստել են, որ թեև ապրում են Հայաստանից հեռու, սակայն հոգու և մտքի թելերով միշտ կապված են հայրենիքի հետ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am