Պուտինն ու Սարգսյանը չեն քննարկել ՀՀ-ում էլէներգիայի սակագնի հարցը. Պեսկով

Armenpress 20:52, 30 Հունիս, 2015

ՄՈՍԿՎԱ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը չեն քննարկել Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի հարցը, քանի որ այն ներհայաստանյան հարց է, իսկ երկխոսությունն ընթացել է երկկողմ հարաբերությունների շուրջ: «Ռիա-նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ոչ: Էլեկտրաէներգիայի գինը, դա, այսպես ասեմ, ներհայաստանյան հարց է, որն, անխոս, չէր կարող քննարկվել Ռուսաստանի Դաշնության հետ: Հիմնականում քննարկվել են երկկողմ հարաբերությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Պեսկովը:

Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ՀՀ Նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ:

Երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձել են նաև ռազմավարական դաշնակից պետությունների միջև հարաբերությունների խորացմանն ու բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am