ՌԴ ԱԻՆ-ը պատրաստ է օգնել Ուկրաինային Չեռնոբիլի տարածքում հրդեհը մարելու հարցում

Armenpress 21:01, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունն իր օգնությունն է առաջարկել Ուկրաինային՝ Չեռնոբիլի ատոմակայանի մերձակա անտառում բռնկված  կրակը մարելու համար: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են նշյալ գերատեսչությունից: Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարին ուղղվել է նամակ ՌԴ ԱԻ նախարարի կողմից: «Ռուսաստանի ԱԻՆ-ը պատրաստ է անհրաժեշտ գործողություններով աջակցել հրդեհը հանգցնելու համար»,- նշվել է նամակում: Ռուսաստանի և Ուկրաինայի կառավարությունների միջև գործում է համագործակցության համաձայնագիր, ըստ որի՝ կողմերը պատրաստակամ են աջակցել արդյունաբերական վթարների, արհավիրքների, տարերային աղետների ժամանակ` օգնելով նաև հետևանքների վերացման հարցում:

ՌԴ ԱԻՆ-ի տվյալներով` նախօրեին Չեռնոբիլի ատոմակայանի անտառային տնտեսության տարածքում հրդեհվել է չոր խոտ ու եղեգ` մոտ 130 հեկտար մակերեսով: «Ռուսական տարածքների համար այդ հրդեհը որևէ վտանգ չի ներկայացնում: Ռադիացիոն իրավիճակը սահմանամերձ տարածքներում նորմալ է, շեղումներ չեն նկատվել»,- հաստատել են ՌԴ ԱԻՆ-ից:

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունից հաղորդած վերջին տեղեկատվության համաձայն` չեզոքացվել են հրդեհների 6 կետերից 4-ը: Ճառագայթային ֆոնը 25 միկրոռենտգեն է՝ նորմ հանդիսացող 50-ից: Դեռևս հայտնի չեն հրդեհի առաջացման պատճառները, դիտարկվում է թե՚ անզգուշության, թե՚ դիտավորյալ հրդեհելու վարկածները:

 

Լուսանկարը` REUTERS



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am