ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին

Armenpress 13:31, 1 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներն այցելել են ԼՂՀ պետական սահմանը հատելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար ազատազրկված Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլը Գուլիևին և Դիլհամ Գարդաշխան օղլը Ասքերովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

ԿԽՄԿ աշխատակիցների միջոցով ազատազրկվածները նամակներով և տեղեկությամբ են փոխանակվել ընտանիքի անդամների հետ:

ԼՂՀ պաշտպանության նախարարության, ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության և ԼՂՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից 2014 թվականի հուլիսի 11-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ԼՂՀ Շահումյանի շրջանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել են պետական սահմանն ապօրինաբար հատած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Ջալալ օղլը Գուլիևը (ծնվ.1968թ.) և Դիլհամ Գարդաշխան օղլը Ասքերովը (ծնվ. 1960թ.), ևս մեկ դիվերսանտ` Ադրբեջանի քաղաքացի Հասան Հասանովը (ծնվ.1978թ.) դիմադրություն ցույց տալու պատճառով ոչնչացվել է: Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման՝ լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am