«Մադամ Ֆիգարո» մրցանակին է արժանացել Ցեղասպանության մասին «Օտարերկրացին» գիրքը

Armenpress 17:34, 1 Հուլիս, 2015

ՓԱՐԻԶ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ հայտնի գրող, Elle ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Վալերի Թորանյանի ընտանիքի պատմությունը հայտնվել է ֆրանսիական մամուլի եւ հասարակության ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d'Armenie պարբերականը, Թորանյանի «Օտարերկրացին» գիրքն արժանացել է ամենամյա «Մադամ Ֆիգարո» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին: Թորանյանն իր գրքում պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված տատիկի` Աղավնու մասին:

««Օտարերկրացին» գրքի պատմությունը սարսափելի է եւ ապշեցնող: Այն պատմում է հայերի ողբերգության մասին, այն սարսափելի  իրավիճակի մասին, որում հայտնվել են հայերը: Կանայք, ովքեր սովից եւ շոգից թուլացած, տեսնելով, թե ինչպես են խոշտանգում իրենց ամուսիններին, երեխաներին, վշտից խելագարվում էին, փորձում ինքնասպան լինել»,- ասել է Թորանյանը` հավելելով, որ ողբերգությունը չի կոտրել հայ ժողովրդին եւ Ցեղասպանությունից փրկվածները կարողացել են նոր կյանք ստեղծել` միեւնույն ժամանակ իրենց եւ սերունդների հիշողության մեջ պահելով այն սարսափելի ոճիրը, որ կատարվեց նախորդ դարի սկզբին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am