Քաղաքացիները սոցիալական տարբեր հարցերով ավելի քան 3 հազար անգամ դիմել են պետական գերատեսչությանը

Armenpress 13:20, 2 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով 2015 թվականի հունիսին ստացվել է 3276 զանգ:  Ստացված զանգերից 731-ը վերաբերվել են կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 674-ը՝ նպաստներին, որոնցից 438-ը՝ ընտանիքի անապահովությանը, 48-ը՝ երեխայի խնամքին և 1134-ը՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (14 զանգ), ավանդի փոխհատուցման (86 զանգ) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Հունիսին ստացվել է 24 բողոք, որոնցից 9-ը ուղղվել են Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, 6–ը՝ Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 4-ը՝ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին, իսկ 5-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի մեծ մասը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am