Բեթ Հարթը Երևանում հանդես կգա բացառիկ համերգով

Armenpress 18:00, 2 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի, երաժիշտ, կոմպոզիտոր Բեթ Հարթը Հայաստանում է. նա բացառիկ համերգով հուլիսի 3-ին հանդես է գալու Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Անվանի երգչուհին առաջին անգամ է Հայաստանում, փաստում է, որ ուրախ է եղել, երբ ասել են, որ Հայաստան պետք է գա:

«Երբեք չէի պատկերացնի, որ Հայաստնում ելույթ կունենամ: Ես սովոր եմ ամեն ինչ տեղում անել, ինչը ոգեշնչման վրա է հիմնված։ Մինչև տեղ չհասնեմ ու չտեսնեմ, թե ինչպիսի կատարումներ են այստեղ սիրում, չեմ կարող ծրագիր կազմել։ Համերգը մեկուկես ժամ կտևի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերգից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Բեթ Հարթը:

Ամերիկացի երգչուհու խոսքով՝ ինքն իր նոր ալբոմում հուսադրող երգեր է ստեղծել: «Ես սիրում եմ ճնշող տրամադրություն ունեցող երգեր: Երբ ես տխուր եմ լինում, նման երգեր լսելիս, ավելի թեթև եմ ինձ զգում»,- խոստովանեց Բեթ Հարթը:

Երգչուհու խոսքով՝ ինքը հայկական երաժշտությանը ծանոթ չէ, բայց ցանկացած համագործակցության պատրաստ է:

«Իմ երաժշտությունը հիմնականում այն մասին է, թե ինչպես եմ ես պայքարել տարբեր տեսակի հարաբերություններում, ընտանիքի հետ: Երաժշտությունն ավելի շատ իմ պայքարի և բոլոր դժվարությունների մասին է»,- նշեց նա:

Բեթ Հարթը ծնվել է 1972 թվականին Փասադենա քաղաքում մի ընտանիքում, որտեղ բոլորը սիրում էին երաժշտություն: Չորս տարեկանից սկսել է դաշնամուր նվագել: 1993-ից երգչուհին սկսել է իր գործունեությունը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am